«Մեր առաջնային խնդիրը հանրակրթության միջին որակի բարելավումն է». Վահրամ Դումանյան

«Մեր առաջնային խնդիրը հանրակրթության միջին որակի բարելավումն է». Վահրամ Դումանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար

Վահրա Դումանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նախարարության հանրակրթության, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչությունների և լիցենզավորման գործակալության աշխատակիցների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ոլորտը համակարգող

նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ու ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը:

Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ ՀՀ կառավարության նոր

ծրագրում կրթության ոլորտի առաջընթացին առաջնային տեղ է տրվում:

«Պետության ռազմավարական զարգացման տեսանկյունից

անվտանգությունից հետո թերևս հաջորդ կարևոր ոլորտը կրթությունն է:

Մասնավորապես առաջնահերթ են հանրակրթության ոլորտի բարեփոխումները, որոնց հիմքերն արդեն դրված են, և այդ ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն: Հանրակրթության ոլորտի բարեփոխման աշխատանքները նախարարության թիմը պետք է շարունակի ավելի մեծ պատասխանատվությամբ և արդյունավետությամբ` համագործակցելով գործընկեր կառույցների, մանկավարժների և ողջ հասարակության հետ»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով` կրթության որակին առնչվող հարցերը բազմաթիվ են, կրթական հաստատությունների միջև առկա որակական միջակայքներն ընդգծված տարբերություն ունեն: «Առանձին դեպքերում հանրակրթության մեջ մենք ունենք իսկապես փայլուն արդյունքներ, բայց դրա կողքին ունենք նաև շատ մտահոգիչ

կրթության որակ, որը դրսևորում է ստանում տարբեր հեռավոր մարզային, անգամ քաղաքային և մայրաքաղաքային դպրոցներում: Միանշանակ միջինացված գնահատական տալը դժվար է: Կրթության պետական քաղաքականության առումով հանրակրթության միջին որակի բարելավումը մեր առաջնային խնդիրն է»- շեշտել է Վահրամ Դումանյանը:

Խորհրդակցության ընթացքում նախարարի տեղակալ Ժաննա

Անդրեասյանը ներկայացրել է զոհված, հաշմանդամ զինծառայողների և 

աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ

ընտանիքների երեխաների ամառային ճամբարի ծրագրի ընթացքը: Նշվել

է, որ այժմ մարզպետարաններում ընթանում են երեխաների ցուցակագրման աշխատանքները:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև

նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության,

լիցենզավորման ու ոլորտային այլ խնդիրների:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում