Իմ երեխաներն ազատ են իրենց որոշումներում. Անդրեասյան
«Ես կարծում եմ, որ իմ երեխաների կրթության և անձնական որոշումների իրավունքը ոչ ոք չի կարող վիճարկել»:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ չհերքելով, որ իր երեխաներից մեկը բարձրագույն կրթություն ստանում է արտասահմանում։
«Իմ երեխաներն այստեղ պետական դպրոցներում են սովորել։ Այս պահին իմ երեխաներից մեկն է, որ բարձրագույն կրթության համակարգ է մուտք գործել և իր անձնական որոշմամբ ընտրել է բուհը, որտեղ կրթությունը շարունակելու է»,- ասաց նա:
Հարցին՝ այդ բուհը գտնվում է Հայաստանո՞ւմ, Անդրեասյանը բացասական պատասխան տվեց՝ ասելով.
«Այդ բուհը չի գտնվում Հայաստանում, և ես համարում եմ, որ դուք մտնում եք անձնական տիրույթ, որի իրավունքը բացարձակ չունեք։ Իմ երեխաները, ինչպես որ մեր երկրի ցանկացած քաղաքացու երեխաներ, ազատ են որոշելու, թե որտեղ իրենց կրթությունը շարունակեն։ Որևէ մեկը չի ասել, որ իմ երեխաները այն պատճառով, որ իրենց մայրը որոշակի պաշտոն է զբաղեցնում, պետք է խտրական մոտեցման հանդիպեն կամ սահմանափակվեն իրենց որոշման մեջ»:
Կարծիքներ