Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Վենետիկը դարձել է աշխարհում առաջին քաղաքը, որը ներմուծել է զբոսաշրջիկների մուտքավճարի համակարգ՝ փորձելով նվազեցնել նրանց հոսքը տոների շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Վենետիկի գնացքի կայարանի և հետիոտնային կամրջի մոտ տեղադրվել են համապատասխան ցուցանակներ, որոնք այցելուներին նախազգուշացնում են 5 եվրո մուտքավճարի մասին։
Ապրիլի 25-ն Իտալիայում ազգային տոն է և այս տարվա 29 տոներից առաջինն է, երբ մարդիկ պետք է տոմս գնեն, եթե ցանկանում են քաղաք մտնել առավոտյան 8։30-ից մինչև ցերեկը 4։30-ը։ Կարելի է տոմսերն ամրագրել ինչպես առցանց, այնպես էլ գնել տեղում։
Այն մարդիկ, որոնք քաղաք են մտել առանց տոմսի, և տեսուչների կողմից կամայական ստուգման ժամանակ հայտնաբերվել են, պետք է վճարեն 50-300 եվրո տուգանք։ Հյուրանոցի ամրագրում ունեցող և 14 տարեկանից ցածր անձինք վճարելու կարիք չունեն, սակայն, միևնույն է, պետք է նախապես գրանցվեն։ Բացառություն են կազմում քաղաքի բնակիչները, ուսանողները և աշխատողները։
Ըստ քաղաքային պաշտոնյաներից մեկի՝ 2023 թվականին Վենետիկ է այցելել մոտ 20 միլիոն մարդ։ Նրանցից միայն մոտ կեսն է գիշերն անցկացրել քաղաքի հյուրանոցներում։ Այս հոսքի պատճառով տեղի բնակչության թիվը նվազել է. այժմ այն կազմում է 49 000 մարդ։
Բացի մուտքավճարի սահմանումից, Վենետիկը նաև արգելել է մեծ զբոսանավերի մուտքը Վենետիկի ծովածոց, ինչպես նաև զբոսաշրջային խմբերի չափի նոր սահմանափակումներ է մտցրել։
Կարծիքներ