«Ընտրությունների կեղծիք» արտահայտությունը ՀՀ-ում արդեն պատմական ժանրին է վերագրաված. վարչապետ
«Այս ֆորումը պիտի արձանագրի մեր բոլորի հավաքական կամքը՝ ամրացնելու և զարգացնելու ժողովրդավարությունը ՀՀ-ում»:
Այս մասին Ժողովրդավարության հայկական 3-րդ ֆորումի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց սրա համար նաև պետք է արձանագրենք, թե ինչ է տեղի ունեցել ժողովրդավարության այն օրակարգի հետ, որ մենք ունեցել ենք 7 տարի առաջ: Պիտի արձանագրեմ, որ առնվազն քիչ չեն այն փոփոխությունները, որ Հայաստանում տեղի են ունեցել ժողովրդավարության առումով, որովհետև, օրինակ, «ընտրությունների կեղծիք» արտահայտությունը, կամ «ընտրությունների արդյունքների կեղծել» արտահայտությունը, կարծում եմ, արդեն պատմական ժանրին է վերագրաված ՀՀ-ում, և դա շատ կարևոր է»,- նկատեց նա:
Փաշինյանը խոսեց նաև այլ մարտահրավերներից, որոնք ևս անցյալում են. «Կամ մեկ այլ մարտահրավեր, որ մենք 7-8 տարի առաջ քննարկում էինք: Հիմա ՀՀ-ում մոռացել են, բայց ներկաներից շատերն են հիշում, որ, օրինակ, տեղեր կային, ընդհուպ բացօթյա, որտեղ հանրահավաք անելը այդքան էլ հեշտ չէր, եթե չասենք՝ անհնարին, էլ չենք ասում հյուրանոցային դահլիճներ, այլ տեղերում դահլիճներ վարձել՝ քաղաքական միջոցառումներ իրականացնելու համար: Կամ խոսքի և մամուլի ազատության բռնաճնշումները, կարծում եմ՝ սա նույնպես մի թեմա է, որը, ըստ էության, անցյալում է ՀՀ-ում»:
Վարչապետը նաև նկատեց՝ իհարկե, այնպես էլ չէ, որ ՀՀ-ում հասել ենք ժողովրդավարության այն որակին, որին կցանկանայինք. «Մասնավորապես՝ ՏԻՄ մակարդակներում ընտրությունները բավարար չափով քաղաքականացված, քաղաքացիականացված և համայնքայացված չեն, այսինքն՝ ընտրությունների այն ընկալումը, որ համապետական մակարդակում մենք ունենք, ՏԻՄ մակարդակում այնքան էլ արձանագրված չէ»:
Կառավարության ղեկավարը շեշտեց՝ երկար է մտածել՝ ասելու համար, թե ոչ, բայց ի վերջո որոշել է ասել. «Ի՞նչ անել, որ խոսքի և մամուլի ազատությունը հանրությունը ընկալի՝ ոչ թե որպես ցնցոտիավոր ջադու, այլ որպես վայելչատես այցելուի, և ինչ անել, որ մարդու իրավունքների պաշտպանության շրջանակի մասին մեզանում առկա պատկերացումները ընդլայնվեն»:
Վարչապետը վերահաստատեց, որ մի բան հստակ է՝ արձանագրումը, որն արել են դեռևս 2018 թվականին, շարունակում է մնալ:
«Ժողովրդավարությունը մեզանում հանգամանքների բերում չէ, այսինքն՝ հանգամանքների բերումով առաջացած իրողություն չէ, այլ ռազմավարություն, և Կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը շարունակելու են այս ռազմավարական ուղեգիծը»,- վստահեցրեց Փաշինյանը:
Կարծիքներ