Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
Ապրիլի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի և ՌԴ արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյի հանդիպումը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հանդիպման ընթացքում երկու երկրների արդարադատության նախարարների միջև ստորագրվել է 2022-2023 թվականների համագործակցության հուշագիր:
ՀՀ և ՌԴ արդարադատության նախարարների միջև տեղի է ունեցել արդարադատության համակարգի թվայնացման վերաբերյալ փորձի փոխանակում: Քննարկվել է երկու երկրների միջև միասնական էլեկտրոնային հարթակ ստեղծելու գաղափարը, այդ թվում՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև վեճերի այլընտրանքային լուծման, անվճար իրավաբանական օգնության տրամադրման, փորձաքննությունների իրականացման ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր:
Կողմերը պայմանավորվել են շարունակել հետագա համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն առաջացնող հարցերի շուրջ:
Հանդիպման ավարտին Կոնստանտին Չույչենկոն ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին հրավիրել է Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումին, որը տեղի կունենա սույն թվականի հունիսի 29-ից հուլիսի 1-ը Սանկտ Պետերբուրգում:
Կարծիքներ