Սամվել Շահրամանյանը հայոց պատմության ամենամեծ թյուրիմացություններից է. Հայկ Խանումյան

Սամվել Շահրամանյանը հայոց պատմության ամենամեծ թյուրիմացություններից է. Հայկ Խանումյան

Արցախի նախկին ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Սամվել Շահրամանյանը հայոց պատմության ամենամեծ թյուրիմացություններից է։ Ես չգիտեմ՝ այս տղան դավաճան է, հիմար, թե ուղղակի անուղեղ կենսաբանական էակ։ Եվ չգիտեմ՝ ինչպե՞ս են ոմանք փորձում սրան արդարացնել։ Երևի դրանով փորձում են մեղմել Շահրամանյանին առաջ մղելու, պաշտպանելու, ընտրելու՝ իրենց մեղքը։ 

Այնպես չէ, որ երկրում պատասխանատվություն վերցնող չկար, ստիպված ինքը վերցրեց իշխանությունը։ Ամիսներ շարունակ քաղաքական հրապարակային գործընթաց կար՝ հստակ առաջարկներով և պատասխանատվություն վերցնելու կամքով։ 

Սակայն երևանյան համակարգաքանդ մի խմբավորման կողմից առաջ քաշվեց այն սցենարը, որի ականատեսը բոլորս եղանք։ Հենց այդ խմբավորման գրչակներն են, որ լծվել են այս ազգակործան գործընթացի հեղինակներին ու կատարողներին արդարացնելու գործին։ 

Սամվել Շահրամանյանն Արցախի քաղաքական դաշտում միշտ էլ ոչինչ է եղել։ Որոշ պետական գործիչների՝ Բաքվում հայտնվելու մեղքը ևս այս պատուհասի վզին է։ Եթե չկար այս գործիչներին դուրս բերելու պայմանավորվածություն և հնարավորություն, ապա պետք էր կազմակերպվեր Արցախից նրանց դուրսբերման օպերացիա։ 
Սամվել Շահրամանյանը դարձել է թշնամու գրիչը, որի միջոցով մեր ճակատին են դաջում ազգային նվաստացման ձևակերպումները»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում