Աշխատատեղերն ու եկամուտներն ավելացել են, բարեկեցությունը՝ ոչ. արձանագրում է վարչապետը

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի տվյալ հրապարակեց. մասնավորապես՝ Հայաստանում 2021 թվականի դեկտեմբերին արձանագրվել է 659 հազար 471 աշխատատեղ, ինչը «բացարձակ ռեկորդ է 3-րդ Հանրապետության պատմության ընթացքում»: Վարչապետը նկատեց, որ որևէ թվային մանիպուլյացիա չկա:
«Երբեք Հայաստանում այսքան գրանցված աշխատատեղ չի եղել. 2020 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 2021-ին աշխատատեղերն ավելի են 37 հազար 629-ով, 2019-ի համեմատ՝ 30 հազար 758-ով, 2018-ի համեմատ՝ 70 հազար 977-ով»,-նշեց վարչապետը: Աճել է նաև միջին ամսական աշխատավարձը։
«2021 թվականի դեկտեմբերին միջին աշխատավարձը եղել է 277 հազար 661 դրամ, ինչը 2020 թվականի համեմատ ավելի է 30 հազար դրամով կամ 12 տոկոսով, 2019-ի համեմատ ավելի է 43 հազար դրամով կամ 18 տոկոսով, 2018-ի համեմատ ավելի է 54 հազար դրամով կամ 24,6 տոկոսով: Ցածր վարձրատրվող աշխատողների տեսակարար կշիռը նվազել է մոտ 9 տոկոսով, խոսքը մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների մասին է», -ասաց վարչապետը։
«Բայց, ցավոք, մենք չենք կարող ասել, որ այս թվային փոփոխությունները մեծացրել են մեր քաղաքացիների բարեկեցությունը, որովհետև 2021-ի ընթացքում մենք ունեցել ենք էական գնաճ, որը կազմում է 2021-ի դեկտեմբերին, 2020-ի համեմատ, 7,7 տոկոս. սա ավելին է, քան մենք նախատեսել էինք պետական բյուջեում», – արձանագրեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ եթե իրենց հաջողվի ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, ապա բերեկեցության աճի ռեժիմի մեջ մտնելու հնարավորություն կլինի:
Կարծիքներ