ՆԱՏՕ-ում նախնական համաձայնության են հասել Ստոլտենբերգի լիազորությունների երկարաձգման շուրջ
ՆԱՏՕ-ի երկրները նախնական համաձայնության են հասել դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի լիազորությունները ևս մեկ տարով երկարաձգելու շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով որոշմանը ծանոթ ԱՄՆ պաշտոնյային:
Պաշտոնյան, որը խոսել է չբացահայտվելու պայմանով, նշել է, որ շատ շուտով որոշում կկայացվի Ստոլտենբերգին պաշտոնական առաջարկ ուղարկելու մասին։
Գործակալության աղբյուրի խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների մեծ մասը համաձայն է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն կարծիքին, որ ներկա պայմաններում, հատկապես՝ հաշվի առնելով Ուկրաինայում հակամարտությունը, Ստոլտենբերգը պետք է մնա դաշինքի գլխավոր քարտուղար։
Այս շաբաթվա սկզբին հայտնի է դարձել, որ դաշինքի ղեկավարի պաշտոնում Ստոլտենբերգի հավանական փոխարինողներից ոչ մեկը, մասնավորապես՝ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, չեն կարողացել ճնշող աջակցություն ապահովել Հյուսիսատլանտյան դաշինքի 31 անդամ երկրների շրջանում։ Միևնույն ժամանակ, հունիսին Ստոլտենբերգը վստահեցրել էր, որ չի ձգտում երկարաձգել իր պաշտոնավարման ժամկետը։
Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցնում է 2014 թվականից։ Նրա լիազորությունների ժամկետն արդեն երկու անգամ երկարացվել է։ 2022 թ․-ին նրա պաշտոնավարման ժամկետը լրացել էր, սակայն Ուկրաինայում հակամարտության պատճառով այն երկարաձգվել էր մինչև 2023 թ. սեպտեմբերի վերջը։
Որպես կանոն, ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնական ընտրություններ չեն անցկացվում, նրան նշանակում են դաշինքի անդամ երկրների փոխհամաձայնության հիման վրա։
Կարծիքներ