Արցախում հունվարի 1-ից ամբողջությամբ անվճար են դարձել առողջապահական ծառայությունները

Արցախում հունվարի 1-ից ամբողջությամբ անվճար են դարձել առողջապահական ծառայությունները

 Արցախում  նախատեսվում է 2022 թվականին  ավելացնել առողջապահության բյուջեն. հունվարի 1-ից ամբողջությամբ անվճար են դարձել առողջապահական ծառայությունները:

Այս մասին ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

«2022 թվականին վճարովի ոչ մի բժշկական ծառայություն չի լինելու, եթե բժշկական ցուցում կա, այսինքն՝ կան այնպիսի ծառայություններ, որոնք  պացիենտի ցանկությամբ են, միայն այս դեպքում է վճարովի լինելու: Մի շարք բարեփոխումներ ենք պլանավորում իրականացնել, որպեսզի բարձրացնենք ոլորտի կառավարման արդյունավետությունը, և կարծում եմ տարվա վերջում  լավ նորություններ կունենանք »,- ասաց Բեգլարյանը:

Նա նշեց, որ կրթության ոլորտում բյուջեն նույնպես ավելացել է: Նոր բյուջեով նախատեսվում է այս ոլորտի աշխատակիցների  աշխատավարձերի բարձրացում՝ միջինը 20 տոկոսով: Նախագահի նախընտրական ծրագրին համապատասխան բարձրագույն կրթությունը Արցախում դարձել է անվճար, որը 2022 թվականին կշարունակվի: Այս տարի կիրականացնեն  ռազմավարական լուրջ բարեփոխումներ  կրթության ոլորտում:

Կարևոր է նաև այն, որ սեպտեմբերից նախատեսում են Արցախում հիմնել Անանիա Շիրակացու անվան միջազգային կրթահամալիր,  որը լինելու է Երևանի մասնաճյուղը:

Արտակ Բեգլարյանը շեշտեց, որ կենսաթոշակները և պետական նպաստները  բարձրացել են միջինը 20 տոկոսով: «Կարևոր է շեշտադրել, որ այս տարի արդեն միայն սոցիալական պաշտպանության բյուջեն 52 միլիարդ 564 միլիոն 240 հազար դրամ է, ինչը էականորեն տարբերվում է 2021 թվականի ցուցանիշներից : Պետական նվազագույն կենսաթոշակը հաստատվել է 34 հազար 300 դրամ 2021 թվականի 26 հազար 500 դրամի փոխարեն, միջին աշխատանքային կենսաթոշակի չափը՝ 56 հազար 200 դրամ՝ 2021 թվականի 46 հազար 800 դրամի փոխարեն»,-ասաց նա: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում