ՀՀ դեսպանը հանդիպել է Կիպրոսի ԱԳ նախարարի հետ

Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ Կիպրոսի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հանդիպել է Կիպրոսի ԱԳ նախարար Կոստանտինոս Կոմբոսի հետ: Այս մասին տեղեկացրել են Կիպրոսում ՀՀ դեսպանությունը։
Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի ԱԳ նախարարին հայ-կիպրական երկխոսությունը բարձր մակարդակի վրա պահելու մեջ իր ներդրման համար, որի արդյունքում երկու երկրներում վերջապես մեկնարկում է վաղուց սպասված դիվանագիտական ներկայացուցչությունների բացման գործընթացը։
Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը։ Ինչպես նաև տեղեկացրել է ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման և ներկայումս ընթացող գործընթացի մասին։
Կիպրոսի ԱԳ նախարարը ողջունել է վերջին տարիներին Հայաստանի գրանցած նկատելի ժողովրդավարական առաջընթացը և ողջունել է ԵՄ-ին անդամակցության որոշման մեկնարկը՝ հայտնելով Կիպրոսի լիակատար աջակցությունը, այդ թվում և Հայաստանի ջանքերին` ուղղված տարածաշրջանային կայուն խաղաղության հաստատմանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ և երկուստեք շնորհակալություն են հայտնել միմյանց համար կարևոր նշանակություն ունեցող հարցերում գնահատելի աջակցության համար։ Քննարկվել է առաջիկայում Կիպրոսի ԱԳ նախարարի՝ Հայաստան այցելելու հնարավորությունը։
Կարծիքներ