Դպրոցականների լողի փորձնական ծրագիրը կընդլայնվի

ՀՀ կառավարության նիստում հավանություն է տրվել մարզերի դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի ընդլայնման վերաբերյալ նախագծին։
Ըստ այդմ՝ կավելանան լողի անվճար պարապմունքների խմբերը՝ յուրաքանչյուր տարիքային խմբում նախկին մեկի փոխարեն ծրագրի շահառու կդառնան երեքական խմբեր։
Որոշումն ընդունվել է ՀՀ մարզերի լողավազաններում նախատեսվածից շատ դպրոցահասակ երեխաների` լողի անվճար ուսուցման ծրագրում ընդգրկվելու պահանջարկով:
2024 թ. նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթում հաղթող է ճանաչվել Արագածոտնի մարզի Արագած համայնքի լողավազանը։ Մյուս մարզերի համար առաջիկայում կհայտարարվեն դրամաշնորհների տրամադրման նոր մրցույթներ։ Հայտարարված մրցույթներին մասնակցելու կարևոր պայմաններից են լողավազաների համապատասխանեցումը տեխնիկական և սանիտարահամաճարակային չափանիշներին, ինչպես նաև մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող մարզիչ-մանկավարժների կամ բարձրագույն կրթություն, լող մարզաձևի առնվազն 3 տարվա մարզչական ստաժ ունեցող և Լողի հայկական դաշնության ու Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի համատեղ վերապատրաստման դասընթացներն անցած անձանց առկայությունը։
Տարբեր մարզաձևերի, այդ թվում նաև լող մարզաձևի մարզիչ-մանկավարժների համար վերապատրաստման դասընթացներն իրականացվում են ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի «Մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման հարցերի կազմակերպման ծրագիրը հաստատելու մասին» N 657-Ն որոշման համաձայն: Նշված դասընթացներին կներգրավվեն նաև Լողի հայկական դաշնության կողմից ընտրված համապատասխան մասնագետները, որը կնպաստի մարզերում լող մարզաձևի մարզիչ-մանկավարժների բացի լրացմանը։
Յուրաքանչյուր տարի լողավազաններում լող մարզաձևով կզբաղվի յուրաքանչյուր լողավազանում դպրոցահասակ երեխաների 2 տարիքային 3-ական խումբ՝ 1-ին տարիքային խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ տարիքային խմբում՝ 13-17 տարեկանները: 1-ին տարիքային խմբերում պարապողների առավելագույն քանակը պետք է լինի 12, իսկ 2-րդ-ում՝ 10: Խմբերում պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ:
Ծրագիրը կիրականացվի 9 ամիս անընդմեջ տևողությամբ, մարզումների իրականացման ժամանակահատվածը կսահմանվի լողավազանի կողմից:
ՀՀ կառավարությունն նիստում հավանություն է տրվել նաև «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացում կատարելու որոշման նախագծին: Ըստ այդմ՝ կսահմանվի լիազորող նորմ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ և ընդհանրական չափորոշիչներ ստեղծելու համար:
Կարևորելով վաստակաշատ և սպորտում ավանդ ունեցող անձանց, այդ թվում՝ Օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոնների մեծ ներդրումը սպորտի զարգացման, մարզիկների կրթության և հայրենասիրական դաստիարակության գործում՝ մարզադպրոցների անվանակոչումը կհանդիսանա նրանց աշխատանքի յուրատեսակ գնահատականը:
Կարծիքներ