«Իրազեկ քաղաքացիների միավորումը» խախտումներ է արձանագրել Արցախի համապետական ընտրություններում
«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակի» դիտորդական առաքելությունը Արցախի 2020 թվականի համապետական ընտրություններին արձանագրել է որոշակի դրական միտումներ, բայց և ընտրական գործընթացի բազմաթիվ թերացումներ, խախտումներ և ոչ բավարար քաղաքական կամք՝ դրանց վերացման համար։ Այս մասին ասվում է գրասենյակի զեկույցում, որն այսօր՝ հուլիսի 31–ին ներկայացվել է Ստեփանակերտում։
Զեկույցում տեղ են գտել են ինչպես 2020 թվականի մարտի 31-ին տեղի ունեցած համապետական՝ Ազգային ժողովի և հանրապետության նախագահի ընտրությունների, այնպես էլ ապրիլի 14-ին տեղի ունեցած նախագահի ընտրությունների երկրորդ փուլի դիտարկման արդյունքները։
Մասնավորապես, դիտորդական առաքելությունն արձանագրել է խախտումներ կապված քվեարկության գաղտնիության, ընտրատեղամասերի կահավորման, ընտրողների ցուցակնների կազմման, վարչական ռեսուրսի չարաշահման, ոստիկանության ու ընտրական հանձնաժողովների աշխատանքների, նախընտրական քարոզչության իրականացման կարքի, ինչպես նաև դիտորդական կազմակերպությունների հավատարմագրման հետ։
Դրանով հանդերձ, ըստ զեկույցի՝ Արցախի համապետական ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում, թեև այդ մրցակցության արդարության չափը չէր համապատասխանում ժողովրդավարական հասարակությունում ընտրություններին ներկայացվող պահանջներին, իսկ արձանագրված խախտումների ամբողջականությունը կարող էր ազդել թե Ազգային ժողովի և թե հանրապետութայն նախագահի ընտրությունների արդյունքների վրա:
Միևնույն ժամանակ, դիտորդական առաքելությունը հանդես է եկել Արցախում ընտրական գործընթացների վերաբերյալ մի շարք առաջարկություններով, որոնց շնորհիվ հնարավոր կլինի էապես բարեփոխել Արցախի Հանրապետության ընտրական համակարգը։
Առաքելությունը նաև արձանագրել է, որ 2020 թվականի ընտրությունները ավելի մեծ հանրային վստահություն էին վայելում, քան դրանց նախորդող 2012 թվականի նախագահական և 2015 թվականի Ազգային ժողովի ընտրությունները:
Կարծիքներ