Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. Կառավարությունը մանրամասներ է հայտնել

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը 2025թ. հոկտեմբերի 2-ին Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում հանդիպում են ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
«Կողմերն ընդգծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը։ Նրանք վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։
Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները, քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման և Հայաստանի տարածքում TRIPP նախագծի իրականացման առաջընթացը՝ մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ։
Այս համատեքստում կողմերը ողջունել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան առնչվող բոլոր կառույցները դադարեցնելու վերաբերյալ միաձայն ընդունված որոշումը։
Կողմերը կարևորել են վստահություն ձևավորող միջոցառումների հետագա իրականացման անհրաժեշտությունը և համաձայնել են շարունակել իրենց շփումները»,- ասված է Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Կարծիքներ