Լռության մեջ է թաքնված բռնությունը. նախորդ տարի թրաֆիքինգի զոհ է դարձել ՀՀ 12 քաղաքացի

Լռության մեջ է թաքնված բռնությունը. նախորդ տարի թրաֆիքինգի զոհ է դարձել ՀՀ 12 քաղաքացի

Լռության մեջ է թաքնված բռնությունը. այսպես կարելի է բնութագրել այն երևույթը, որը կոչվում է թրաֆիքինգ կամ մարդկանց շահագործում:

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ մարդկանց թրաֆիքինգը աշխարհում ամենաարագ տարածվող հանցագործություններից է, իսկ Ինտերպոլի տվյալով՝ թմրանյութերի և զենքի առևտրից հետո սպիտակ ստրկությունն ամենամեծ սև փողերն է բերում: Աշխարհում թրաֆիքինգի զոհերի 30 տոկոսը երեխաներն են: Հայաստանում վերջին տարիներին գրանցվում են հատկապես աշխատանքային թրաֆիքինգի դեպքեր: 

Թրաֆիքինգի զոհերին հայտնաբերելու, նրանց աջակցություն տրամադրելու, վիճակագրական տվյալների և այլ հարցերի մասին զրուցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանի, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության կապիտան Հաբեթ Մկրտչյանի հետ:

ԱՍՀ նախարարությունն իրականացնում է աջակցության տրամադրման 2 ծրագիր

«Թրաֆիքինգի զոհերին և ենթադրյալ զոհերին աջակցելու գործընթացն իրականացնում է մեր նախարարությունը: Աջակցության տրամադրման շրջանակներում նախարարությունն իրագործում է երկու ծրագիր: Դրանցից մեկը վերաբերում է սոցիալ-հոգեբանական վերականգնողական օգնության տրամադրմանը: Մենք այս ծրագիրն իրականացնում ենք պատվիրակված ծառայության միջոցով: 2020 թվականից ի վեր այս ծրագրի համար ամբողջ ֆինանսավորումը տրամադրվում է պետական բյուջեից: Նախորդ տարիներին, մենք ծրագիրն իրականացրել ենք գործընկեր ՀԿ-ների հետ համաֆինանսավորմամբ: Յուրաքանչյուր տարի հայտարարում ենք դրամաշնորհային մրցույթ, որի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը պատվիրակում ենք ծառայությունը: Այդ ամենից հետո տալիս ենք համապատասխան գումարը՝ կնքված պայմանագրի շրջանակներում, տրամադրում ենք կազմակերպությանը, որի միջոցով մատուցում ծառայությունը»,- նշեց Բոստանչյանը և հավելեց, որ այս տարի մրցույթում հաղթող է ճանաչվել «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն:    

Բանախոսը նաև շեշտեց, որ մեկ այլ ծրագիր է նաև դրամական միանվագ աջակցության տրամադրումը, որի շրջանակում տրվում է 250 հազար դրամ՝ առաջին անհրաժեշտության կենցաղային կարիքները հոգալու համար: 

Նախարարության ներգրավվածությունը «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողով»-ում

«Թրաֆիքինգի զոհ դարձած անձինք նույնականացվում են նույնանուն հանձնաժողովի միջոցով: Այն մարդուն որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու իրավասությունն ունեցող միակ մարմինն է: Բաղկացած է 6 անդամից՝ 3 պետական և 3 հասարակական սեկտորի ներկայացուցիչ: Պետական ներկայացուցիչները ՀՀ ոստիկանությունից, Գլխավոր դատախազությունից ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից են: Մեր գերատեսչության ներկայացուցիչը հանձնաժողովի նախագահն է»,- ասաց Բոստանչյանը: 

Նա ներկայացրեց ընթացակարգը, թե ինչպես է իրականացվում նույնականացման գործընթացն ու զոհի հայտնաբերման աշխատանքը:

«Այն անձը կամ կառույցը, որը հայտնաբերել է մարդուն կամ մարդկանց, և իր կարծիքով դա թրաֆիքինգի դեպք է՝ դիմում է հենց հանձնաժողով կամ իրավասու մարմիններից մեկին: Հենց այն անձը, որը կարծում է, որ իրեն թրաֆիքինգի են ենթարկել նույն ընթացակարգով կարող է դիմել հանձնաժողով կամ իրավասու մարմիններին: Ստացված տեղեկությունների հիման վրա նիստ է հրավիրվում, փաստերն են արձանագրվում, որոշ դեպքերում, անձի համաձայնությամբ, հրավիրում ենք նրան հանձնաժողովի նիստին: Փաստերի հավաքագրումից հետո, որոշում է կայացվում նույնականացնել անձին, որպես թրաֆիքինգի և շահագործման զոհ: Այս ամենից հետո մենք տրամադրում ենք համապատասխան աջակցություն»,- ընդգծեց Բոստանչյանը:

Անդրադառնալով այն փաստին, որ մինչ նույնականացնելը, անձը համարվում է հավանական զոհ, բանախոսը նշեց, որ այդ ժամանակ նույնպես վերջինիս տրամադրվում է սոցիալական աջակցություն՝ հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական: 

Զոհերին տրամադրվող ծառայությունները 

Թրաֆիքինգի զոհ դարձած անձանց տրամադրվում է կացարան, այնուհետև բնաիրային օգնություն, վերականգնվում կամ նորից կազմվում են անհրաժեշտ փաստաթղթերը, բժշկական օգնություն է ցուցաբերվում, եթե դրա կարիքը կա:

«Բժշկական օգնություն տրամադրելիս մեր նախարարությունն աջակցում է, որպեսզի պետական պատվերի շրջանակներում բուժզննում անցնեն, երբեմն էլ որոշ անալիզներ հանձնելու համար է օգնություն ցուցաբերվում: Թրաֆիքինգի զոհերին տրամադրվում է նաև իրավաբանական, փաստաբանական և հոգեբանական խորհրդատվություններ: Մենք օգնում ենք կրթություն ստանալ այն երեխաներին, ում ծնողը կամ ծնողները թրաֆիքինգի են ենթարկվել և գտնվում են կացարանում»,- նշեց Բոստանչյանը:

Նրա խոսքով՝ զոհի ցանկությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ուղղորդում է աշխատանքի տեղավորման հարցում, քանի որ կացարանից դուրս գալուց հետո նրանք վերաինտեգրման խնդիր են ունենում:

ՀՀ-ում հիմնականում հանդիպում են թրաֆիքինգի սեռական և աշխատանքային դեպքեր

Ոստիկանության տվյալներով` Հայաստանում 2020 թվականի ընթացքում մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ հարուցվել է 10 քրեական գործ, որոնցից 9-ը եղել է աշխատանքային, իսկ 1-ը սեռական շահագործման դեպք։ 

«Շահագործման ենթարկված անձինք հանդիսացել են ՀՀ քաղաքացիներ և բոլոր դեպքերը, բացառությամբ մեկի, գրանցվել են ՀՀ տարածքում։ Մեկ դեպք գրանցվել է Ռուսաստանի Դաշնությունում՝ անձը աշխատանքային շահագործման է ենթարկվել  շինարարությունում աշխատանքներ կատարելով։ Հարուցված քրեական գործերից մեկով, որը եղել է սեռական շահագործման դեպք, զոհը եղել է տղամարդ, որն ունեցել է հոգեկան խնդիրներ։ Աշխատանքային 9 քրեական գործով տուժող է ճանաչվել 11 անձ, որոնցից 3-ը տառապել են հոգեկան հիվանդությամբ։ Այդ 11 անձից 5-ը ներգրավված են եղել անասնապահական, 2-ը` խանութի, 1-ը` շինարարական աշխատանքներում, 3-ն էլ՝ մուրացկանության մեջ։ Տուժողներից 6-ը եղել է տղամարդ, 5-ը` կին։ Ընդհանուր առմամբ, տուժողներից 4-ը եղել է անչափահաս։ Հոգեկան հիվանդությամբ տառապող 3 անձից մեկը եղել է անչափահաս տղա, որը շահագործվել է մուրացկանության մեջ, մյուսը աղջիկ է եղել, որը շահագործվել է հացի փռում, 3-րդն էլ եղել է չափահաս մի տղամարդ, որին սեռական շահագործման են ենթարկել»,- նշեց Հաբեթ Մկրտչյանը։

Նա շեշտեց, որ անասնապահական ոլորտում ներգրավված 5 անձից 3-ը եղել են տղամարդ, 2-ը՝ կին։ Տղամարդկանցից 1-ը եղել է անչափահաս, իսկ մեկ կին ունեցել է հոգեկան խնդիրներ։ Մուրացկանության մեջ շահագործված 3 անձից 2-ը եղել են անչափահաս տղաներ, իսկ 1-ն էլ  չափահաս, սակայն հոգեկան հիվանդությամբ կին։ 

Նա ընդգծեց, որ նախորդ տարի ՀՀ-ում օտարերկրացիների շահագործման դեպքեր չեն գրանցվել։ 

Անչափահասի շահագործման ուշագրավ դեպք՝ առանց ծնողի իմացության

«Անցյալ տարի եղել է անչափահասի շահագործման մեկ ուշագրավ դեպք, երբ ծնողից խաբեությամբ վերցրել են երեխային՝ սիրելու և խնամելու պատրվակով, ինչից հետո շահագործել են մուրացկանության մեջ։ Այսինքն, երեխայի ծնողի ընկերուհին, մինչ մայրը աշխատանքի է եղել, խաբեությամբ անչափահաս երեխային տարել է մուրացկանության»,- նշեց Մկրտչյանը։

Ոստիկանությունը թրաֆիքինգի դեպքերի բացահայտմանն ուղղված աշխատանքներ է կատարում

«Ոստիկանության կազմում գործում է հատուկ մասնագիտացված՝ թրաֆիքինգի դեմ պայքարի բաժին, որտեղ աշխատակիցները մշտապես աշխատանքներ են կատարում մարդկանց շահագործման դեպքերը բացահայտելու ուղղությամբ։ Իրականացվում է նաև մեկ այլ գործընթաց․ ոստիկանության այլ ստորաբաժանումներ, թրաֆիքինգի դեպքերի մասին տեղեկանալու դեպքում պարտավոր են մեզ տեղյակ պահել, ինչից հետո իրականացվում են համատեղ միջոցառումներ։ Այսպիսով մենք կարողանում ենք վերահսկել թրաֆիքինգի դեմ պայքարի ողջ գործընթացը»,- ասաց ՀՀ ոստիկանության Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետը։

Նրա խոսքով՝ մարդկանց շահագործման դեպքերի մասին տեղեկությունները հիմնականում ստացվում են օպերատիվ ճանապարհով՝ ոստիկանության ծառայողների կողմից։ Լինում են դեպքեր, երբ տուժողը կամ նրանց հարազատները դիմում են ոստիկանություն, ինչից հետո գործին ընթացք է տրվում և արագ կերպով բացահայտվում։  

Ոստիկանության կապիտանը նշեց, որ անչափահաս անձանց շահագործումն օրենսդիրն ավելի խիստ է պատժում, քանի որ նրանք զրկված են իրենց կամքն ազատ արտահայտելու հնարավորությունից։ Վերջիններիս շահագործման ենթարկողների համար պատիժը բավականին խիստ է, քան մեղսունակ և չափահաս մարդկանց շահագործման դեպքում։ 

Զրուցեց Լիլիթ Դեմուրյանը

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում