Դատարանը Խաչատուրյան ավագ քույրերին թույլ է տվել շփվել մոր հետ

Դատարանը Խաչատուրյան ավագ քույրերին թույլ է տվել շփվել մոր հետ

Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանը բավարարել է Խաչատուրյան ավագ քույրերի միջնորդությունը մոր հետ շփվել թույլ տալու մասին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է աղջիկներից մեկի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը։

«Դատարանը պաշտպանական կողմի միջնորդությունը մոր հետ շփվելու մասով բավարարել է, Կրեստինային եւ Անգելինային թույլ է տվել նրա հետ շփվել»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Մեծ արձագանք ստացած սպանությունը կատարվել է 2018 թվականի հուլիսի 27-ին Մոսկվայում: Քննության վարկածով՝ 3 քույրերը 57-ամյա հորը սպանել են Մոսկվայի Ալտուֆեւյան խճուղու վրա գտնվող իրենց բնակարանում: Ձերբակալվածներին նախ տեղափոխել են մեկուսարան, բայց հետո մեղմել են խափանման միջոցը՝ մինչեւ «որոշակի գործողությունների կատարման արգելք», հետագայում քույրերի էլեկտրոնային ապարանջանները հանել են։ Նրանք համացանցից օգտվելու եւ բացի իրենց փաստաբաններից որեւէ մեկի հետ շփվելու իրավունք չունեն, արգելված է այցելել զանգվածային միջոցառումների:

Քննությունն ընդունել է, որ հայրը դուստրերին պատճառել է «ֆիզիկական եւ հոգեկան տառապանքներ», բայց անփոփոխ է թողել ամենածանր որակումը՝ նշված փաստերը դիտարկելով միայն որպես մեղմացուցիչ հանգամանք։ Գլխավոր դատախազությունը սկզբում չի համաձայնվել այս որոշմանը՝ պահանջելով մեղադրանքը վերաորակել ինքնապաշտպանության, բայց երկրորդ փորձից, այնուամենայնիվ, հաստատել է մեղադրական եզրակացությունը։

Քույրերից կրտսերի գործն առանձնացվել է առանձին վարույթ՝ կապված հանցագործության պահին նրան անմեղսունակ ճանաչելու հետ։ Նրա գործը քննվում է Բուտիրսկու դատարանում ունկնդիրների եւ լրատվամիջոցների համար փակ ռեժիմում։ Նրան թույլ է տրվել շփվել մոր հետ՝ որպես իր օրինական ներկայացուցչի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում