Վրաստանի ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները. իշխող «Վրացական երազանք»-ը ստացել է 150 մանդատից 89-ը
Վրաստանի տասնմեկերորդ գումարման խորհրդարանում ընտրությունների վերջնական արդյունքներով 150 մանդատից 89-ը ստացել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը՝ ներկայացնելով Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ամփոփիչ տվյալները։
«Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 16-ին կայացած նիստում ամփոփել է ընտրությունների վերջնական արդյունքները։ 150 մանդատից 89-ը ստացել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը: Մնացած 61 մանդատները բաշխվել են հետևյալ կերպ. «Փոփոխությունների կոալիցիան» («Ախալի», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն», «Դրոա») ստացել է 19 մանդատ, «Միասնություն՝ ազգային շարժում» («Միացյալ ազգային շարժում», «Ագմաշենեբելի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան»)՝ 16 մանդատ, «Ուժեղ Վրաստան» («Լելոն Վրաստանի համար», «Ժողովրդի համար», «Ազատության հրապարակ», «Քաղաքացիներ») - 14, և «Վրաստանի համար»՝ 12 մանդատ», - հայտնել են Վրաստանի ԿԸՀ-ից։
Վերջինիս փոխանցմամբ՝ այսպիսով, Վրաստանի իշխող կուսակցությունը ռեկորդ է սահմանել և ընտրությունների արդյունքներից հետո կարողացել է չորրորդ անգամ պահպանել իշխանությունը՝ ստանալով ընտրողների մոտ 54 տոկոսի աջակցությունը։
Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հոկտեմբերի 26-ին։
Ընդդիմության ներկայացուցիչները հրաժարվում են ճանաչել «Վրացական երազանք»-ի հաղթանակը՝ հայտարարելով, որ տեղի է ունեցել տոտալ ընտրակեղծիք։
Կարծիքներ