Մարմնամարզիկները դուրս են եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի բոլոր 4 անդամները դուրս են եկել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մեկնարկած աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի եզրափակիչ:
Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Ավետիսյանն ու Արթուր Դավթյանը հաղթահարել են օղակների վարժության եզրափակիչը: Ավետիսյանը 14.633 միավոր է վաստակել և 3-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ, իսկ Դավթյանը 14.266 միավոր է հավաքել և 7-րդ տեղով հաղթահարել որակավորման փուլի արգելքը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Հարություն Մերդինյանն ու Գագիկ Խաչիկյանը հաղթահարել են նժույգթափեր վարժության որակավորման փուլը: Մերդինյանը վաստակել է 14.466, Գագիկ Խաչիկյանը՝ 14.300 միավոր: Մերդինյանը 4-րդ տեղով է դուրս եկել եզրափակիչ, իսկ Խաչիկյանը՝ 6-րդ:
Այսօր՝ ապրիլի 28-ին, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթանը կմասնակցի հենացատկի վարժության որակավորման փուլին:
Առանձին գործիքների եզրափակիչները կկայանան ապրիլի 29-ին և 30-ին։
Նշենք՝ մարմնամարզիկներն աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլին մասնակցում են մարզիչներ Հայկ Նազարյանի և Աշոտ Գասպարյանի գլխավորությամբ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցավարական հանձնաժողովում է:
Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում կայանալիք աշխարհի առաջնության համար:
Կարծիքներ