Կայացել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի համակարգող խորհրդի նիստը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) համակարգող խորհրդի նիստը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Կրթական ծրագրերի կենտրոնի (ԾԻԳ) տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, ՆՄՀ խորհրդի այլ անդամներ:
Հանդիպման ընթացքում ՆՄՀ համակարգող խորհրդի անդամները քննարկել են Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում բուհերին ԲՏՃՄ (STEM) ուղղությամբ դրամաշնորհների տրամադրման աշխատանքների իրականացման հետ կապված հարցեր, մասնավորապես՝ ստացված դրամաշնորհային ծրագրերի հայտերի գնահատման արդյունքները:
Նշենք, որ դրամաշնորհային մրցույթին հետաքրքրվածության հայտ է ներկայացրել 11 բուհ:
2022 թվականի սեպտեմբերի 19-ից Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում մեկնարկել էր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի գործընթացը, և հայտերի ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել 2022 թվականի նոյեմբերի 21-ը:
Համաձայն ՆՄՀ ղեկավար ձեռնարկի՝ հայտերի ընդունումից հետո իրականացվել է հայտերի իրավասության և ամբողջականության գնահատում, որից հետո ամբողջական հայտերը գնահատել են անկախ փորձագետները: Նրանց հետ կնքվել են համապատասխան պայմանագրեր, վերջիններս իրականացրել են պայմանագրով նախատեսված դրամաշնորհային ծրագրերի հայտերի գնահատման աշխատանքները: Յուրաքանչյուր հայտ դիտարկվել է մեկ թեմատիկ և երկու ֆունկցիոնալ փորձագետների կողմից:
«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրով բուհերին դրամաշնորհների տրամադրման համար նախատեսված բյուջեն կազմում է 1 մլն 695 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ, ընդ որում` յուրաքանչյուր անհատական ծրագրերի համար նախատեսվում է առավելագույնը 250 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ, իսկ կոնսորցիումային ծրագրերի համար՝ 500 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ։ ՆՄՀ շրջափուլի շրջանակում որպես թիրախային ցուցիչ սահմանվել է առնվազն հինգ դրամաշնորհային ծրագրի իրականացում, որից առնվազն մեկը՝ կոնսորցիումային ծրագիր: Վարկային ծրագիրն իրականացնում է ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը:
ՆՄՀ դրամաշնորհները մրցակցային հիմունքներով ուղղվում են բուհերում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը, նրանց ընդհանուր կարողությունների՝ դասավանդման և ուսումնառության միջավայրի, գործնական, հետազոտական կարողությունների հզորացմանը և այլն:
ՆՄՀ-ի նպատակներից է նաև զարգացնել բուհերի ֆինանսական և ռազմավարական պլանավորման կարողությունները, աջակցել այն ծրագրերին և նախաձեռնություններին, որոնց միջոցով կամրապնդվեն թե´ կապը տնտեսության զարգացման գերակա ոլորտների հետ, թե´ միջազգային համագործակցության հնարավորությունները՝ ընդլայնելով բուհերի՝ լրացուցիչ ֆինանսական աղբյուրների ներգրավման կարողությունները:
Կարծիքներ