2023 թվականին ԵՄ սահմանների անօրինական հատումների թիվը հասել է վերջին 7 տարվա ընթացքում առավելագույնին
2023 թվականի 11 ամիսներին Եվրամիության սահմանի ապօրինի հատման գրանցված դեպքերի թիվը հասել է առավելագույնին 2016 թվականից ի վեր։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵՄ Frontex սահմանային հսկողության գործակալության կայքում հրապարակված հայտարարությունը։
Ըստ գործակալության տվյալների՝ 2023 թվականի 11 ամսում սահմանի ապօրինի հատման դեպքերի քանակը հասել է 355 300-ի՝ նախորդ տարվա ցուցանիշների համեմատությամբ ավելանալով 17 %-ով։
Հրապարակման համաձայն՝ անօրինական միգրացիայի ամենածանրաբեռնված երթուղին մնացել է Միջերկրական ծովի կենտրոնական հատվածը, որտեղ այս տարվա 11 ամսում սահմանի ապօրինի հատման արձանագրված դեպքերի թիվը գերազանցել է 152 200-ը:
Բացի այդ, արևմտաաֆրիկյան երթուղում ԵՄ սահմանի խախտումների թիվը կրկնապատկվել է և հասել ռեկորդային թվի՝ 32 400-ի, ինչն աննախադեպ աճ է 2009 թվականին տվյալների հավաքագրման սկզբից ի վեր: Միայն այս տարվա նոյեմբերին այս երթուղով ապօրինի մուտք գործած անօրինական միգրանտների թիվը 2022 թվականի նույն ամսվա համեմատությամբ աճել է 500 %-ով՝ կազմելով մոտ 4700։
Միևնույն ժամանակ նշվում է, որ 2023 թ․ նոյեմբերին անցյալ տարվա նոյեմբերի համեմատությամբ ԵՄ սահմանի անօրինական հատումների թիվը նվազել է 25 %-ով՝ հասնելով շուրջ 20 000-ի։
Բոլոր երթուղիներով Եվրամիություն անօրինական մուտք գործողների թվում առաջին երեք հորիզոնականը զբաղեցնում են ներգաղթյալները Սիրիայից, Գվինեայից և Աֆղանստանից։
Գործակալությունը նշում է, որ փախստականների համար շատ վտանգավոր է ծովով Եվրոպա հասնելը։ Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ այս տարի միայն Միջերկրական ծովի ջրատարածքում ավելի քան 2500 մարդ է անհետ կորել։
Ավելի վաղ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Corriere della Sera թերթին հայտնել էր, որ Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը՝ Գերմանիան, գործնականում սպառել է փախստականների ընդունման հնարավորությունները։ Նրա խոսքով՝ առաջին կես տարում Գերմանիայում ներկայացվել է ապաստանի տրամադրման 162 000 հայտ՝ «ԵՄ-ում ամբողջ թվի մեկ երրորդը»։
Կարծիքներ