Պուտինը ևս երկու ժամկետի համար նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավունքի մասին օրենք է ստորագրել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով ընտրությունների և հանրաքվեների մասին օրենսդրությունը համապատասխանեցվում է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության փոփոխություններին և, մասնավորապես, ներկայիս պետության ղեկավարին իրավունք է տալիս կրկին առաջադրվել երկու ժամկետի համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նախագահական ժամկետների վերաբերյալ նախաձեռնության հեղինակներն են պատգամավորներ Պավել Կրաշենիննիկովը և Օլգա Սավաստյանովան, ինչպես նաև սենատոր Անդրեյ Կլիշասը:
Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 81-րդ հոդվածի պահանջները, «Ռուսաստանի Դաշնության Նախագահի ընտրությունների մասին» օրենքը սահմանում է, որ նախագահ կարող է ընտրվել Ռուսաստանի Դաշնության 35 տարեկանից ոչ փոքր քաղաքացի, որը մշտապես բնակվում է երկրում առնվազն 25 տարի, և չունի և նախկինում չի ունեցել օտարերկրյա պետության քաղաքացիություն կամ ապրելու իրավունք:
Բացի դրանից, օրենքը հստակեցնում է դրույթները՝ կապված Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնը երկու ժամկետից ավելի զբաղեցնելու սահմանափակման հետ: Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության դրույթը, որը սահմանափակում է այն ժամկետների քանակը, որի ընթացքում նույն անձը կարող է զբաղեցնել Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնը, տարածվում է Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնը զբաղեցրած և (կամ) զբաղեցնող անձի վրա` առանց հաշվի առնելու այն ժամկետների քանակը, որի ընթացքում նա զբաղեցրել և (կամ) զբաղեցնում է այդ պաշտոնը Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության փոփոխությունն ուժի մեջ մտնելու պահին, որը համապատասխան սահմանափակում է մտցնում, և չի բացառում հնարավորությունը, որ նա զբաղեցնի Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը նշված դրույթով թույլատրված ժամկետում:
Կարծիքներ