Պետք է ունենանք ադապտիվ սպորտի ոչ թե երկու մարզիկով ներկայացող, այլ մեդալների համար պայքարող մրցունակ թիմ. Գիլոյան

Պետք է ունենանք ադապտիվ սպորտի ոչ թե երկու մարզիկով ներկայացող, այլ մեդալների համար պայքարող մրցունակ թիմ. Գիլոյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է պետական աջակցության ծրագրում ներառված հաշմանդամային սպորտի զարգացման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և ՀՀ մարզպետարանների ու Երևանի քաղաքապետարանի սպորտի գծով պատասխանատուներին:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ հանդիպման նպատակը հաշմանդամային սպորտին և զանգվածային մարզական միջոցառումներին առնչվող հարցերի քննարկումն է: Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ այժմ նախարարությունում աշխատում են մի ծրագրի ուղղությամբ, որը հնարավորություն կտա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդներին զբաղվել տարբեր սպորտաձևերով, իսկ հետագայում մասնակցել մրցաշարերի. «Ծրագիրը բաղկացած է լինելու երկու մասից: Առաջին մասով նախատեսվում է հոգեբանական աջակցության միջոցով հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդներին ընդգրկել ադապտիվ սպորտում, իսկ երկրորդ մասով՝ աջակցել նրանց արդեն պրոֆեսիոնալ մարզիկ դառնալու ճանապարհին: Այս ծրագրում ընդգրկված կլինեն անվասայլակով բասկետբոլը և հանդբոլը, սեղանի թենիսը, աթլետիկական էստաֆետը, շախմատը, շաշկին: Քննարկում ենք մի մարզահամալիր կահավորելու տարբերակը, որը հարմարեցված կլինի հաշմանդամային սպորտին: Հատկապես պատերազմից հետո նման ծրագիրն անհրաժեշտություն է»:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև պարալիմպիկ հավաքականը համալրելու և գրանցած արդյունքները բարելավելու խնդրին. «Պարալիմպիկ խաղերի հետ կապված վիճակագրությունը գոհացուցիչ չէ: Պետք է աշխատենք մասնակիցների շրջանակն ընդլայնելու, մեդալներ նվաճելու ուղղությամբ: Հասկանալի է, որ հաշմանդամային սպորտի ֆինանսավորումը դեռևս այն մակարդակի չէ, որ մենք արդյունք պահանջենք, բայց ես խորապես համոզված եմ՝ միայն պետական աջակցությանը պետք չէ սպասել. յուրաքանչյուրս պետք է փորձի իր հնարավորությունների սահմանում լուծել եղած խնդիրները: Պետք է ունենանք ադապտիվ սպորտի ոչ թե պարզապես երկու մարզիկով ներկայացող, այլ մեդալների համար պայքարող մրցունակ թիմ: Սա ինքնանպատակ հայտարարություն չէ. եթե մենք չենք պայքարում հաղթանակի համար, սպորտը վերածվում է զուտ ֆիզիկական կուլտուրայի, իսկ այդպես միջազգային մրցումների մասնակցելն անհարիր է և անընդունելի»:

Հաջորդիվ նախարարի տեղակալը խոսել է հանրապետության մարզերում և Երևանում նախատեսված զանգվածային մարզական միջոցառումների՝ այս տարի ոչ մեծ ծավալով անցկացնելու թեմային. «Կորոնավիրուսի համավարակի և պատերազմի առաջացրած տնտեսական խնդիրների պատճառով այս տարի, նախորդների համեմատ, ավելի քիչ զանգվածային մարզական միջոցառումներ կանցկացնենք, սակայն եղածները պետք է կազմակերպվեն հավուր պատշաճի: Շարունակում ենք քննարկել այլընտրանքային տարբերակներ՝ չեղարկված միջոցառումներն անցկացնելու համար»:

Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում ստեղծվելու է սպորտային հեռուստաալիք, որը մարզական կազմակերպություններին իրենց կազմակերպած առաջնությունները ցուցադրելու և այդպիսով մարզաձևերն ավելի մասսայական դարձնելու հնարավորություն կտա:

Հանդիպման ավարտին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը պատասխանել է ներկաների հարցերին, լսել նրանց առաջարկները և բարձրաձայնած խնդիրները՝ ընդգծելով, որ դրանց լուծումները հնարավոր են միայն համատեղ և նվիրված աշխատանքի միջոցով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում