G-20-ը եւս 6 ամսով կասեցնում է աղքատ երկրների պարտքերի վճարումը
G20-ը համաձայնել է եւս վեց ամսով երկարաձգել պարտքերի վճարման կասեցումը՝ առավել խոցելի երկրներին կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում աջակցելու համար, հայտնում է AP-ը:
G-20-ի հայտարարությունն արվել է ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման ժամանակ: Ավելի քան 14 միլիարդ դոլար գումարի պարտքերի վճարումների կասեցումը պետք է լրանար տարեվերջին: Այս որոշումը զարգացող երկրներին հնարավորություն կտա մինչեւ 2021թ. հունիսի վերջը ծախսերը կենտրոնացնել առողջապահության եւ արտակարգ իրավիճակների հաղթահարման ծրագրերի, այլ ոչ թե պարտքերի մարման վրա:
«Մենք դեռ ավելին պետք է անենք»,- ասել է Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարար Մուհամեդ ալ-Ջադաանը, որն այս տարի նախագահում է G-20-ը: «Մենք պետք է ապահովենք, որ այդ երկրները լիարժեք աջակցություն կստանան COVID-19 համավարակի դեմ պայքարում: Մենք պայմանավորվել ենք պարտքերի կասեցման նախաձեռնությունը երկարացնել վեց ամսով»:
Նրա խոսքով՝ ֆինանսների նախարարների մեկ այլ հանդիպում տեղի կունենա հաջորդ ամիս, նոյեմբերի 21-22-ը առաջնորդների գագաթաժողովից առաջ:
Կարծիքներ