Ազատոճային ըմբիշները 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի հավաքականի կազմում վերջին մեդալը նվաճել է 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը՝ վճռորոշ գոտեմարտում 8-5 հաշվով կամային հաղթանակ տանելով Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և արժանանալով բրոնզե մեդալի։
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալներ են նվաճել Մեժլում Մեժլումյանը ( 61 կգ ), Հայկ Պապիկյանը (70 կգ) և Կնյազ Իբոյանը (86 կգ ), իսկ Էդիկ Հարությունյանը (57 կգ) և Մարտին Սիմոնյանը (125 կգ) դարձել են բրոնզեմեդալակիրներ։
Մեժլումյանը 61 կգ քաշայինների եզրափակչում զիջել է ուկրաինացի Անդրի Ժելեպին և բավարարվել արծաթե մեդալով: Հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 10-0 հաշվով առավելության է հասել ֆրանսիացի ըմբիշի նկատմամբ, քառորդ եզրափակչում նույն հաշվով հաղթել է ռումինացի մրցակցին, իսկ կիսաեզրափակչում 6-5 հաշվով առավելության է հասել Իտալիայի ներկայացուցչի նկատմամբ:
Իբոյանը 86 կգ քաշայինների եզրափակչում 1-11 հաշվով պարտվել է Ֆրանսիան ներկայացնող Ռախիմ Մագամադովին և նվաճել արծաթե մեդալ: Հայ ըմբիշը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 4-2 հաշվով առավելության է հասել մոլդովացի Իվան Իչիզլի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Իբոյանը 7-5 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ֆարիդ Ջաբարովին, իսկ կիսաեզրափակչում 3-2 հաշվով հաղթել է թուրք Իսմայիլ Կոչուկսոլակին:
Պապիկյանը 70 կգ քաշայինների եզրափակչում զիջել է ադրբեջանցի Մագոմեդ Բաշիր Խանիևին ու նվաճել արծաթե մեդալ։ Հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 10-0 հաշվով հաղթել է լեհ Մատեուշ Լուշինսկիին, քառորդ եզրափակչում 5-0 հաշվով առավելության է հասել Ֆրանսիան ներկայացնող Մուհամեդ Սանգարիևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 9-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Գերմանիայի ներկայացուցիչ Շամիլ Ուստաևի նկատմամբ:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հանդես են եկել նաև Տիգրան Ղազարյանը (65 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Նարեկ Գրիգորյանը (79 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (97 կգ), որոնք անմասն են մնացել մեդալներից։
Կարծիքներ