«Փյունիկ»-ը ակումբի և Մելիքյանի անունից ներողություն է խնդրել երկրպագուներից
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել Հայաստանի առաջնության «Նոա»-ի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի անունից ափսոսանք ենք հայտնում ու ներողություն խնդրում Աբովյանի քաղաքային մարզադաշտում Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Նոա»-«Փյունիկ» խաղում տեղի ունեցած միջադեպի համար։
Գաղտնիք չէ, որ «Փյունիկ ՖԱ»-ի փիլիսոփայության ու արժեքների հիմքում առաջին հերթին ընկած է հարգանքը մրցակիցների նկատմամբ։ Սա է պատճառը, որ մեր ակումբը հասկանում է, որ նման երևույթները ֆուտբոլում չեն կարող տեղ ունենալ։
Քաջ գիտակցում ենք, որ մենք՝ որպես Հայաստանի գործող չեմպիոն, չպետք է թույլ տանք, որպեսզի նման դեպքերն ունենան շարունակական բնույթ:
Սա պատշաճ առիթ է ևս մեկ անգամ հիշեցնելու բոլորին, որ չնայած ֆուտբոլի էմոցիոնալ կողմի, մենք պարտավոր ենք անդավաճան մնալ այս մարզաձևի ամենակարևոր օրենքին՝ հարգանքին:
Հուսով ենք, որ հայկական ֆուտբոլի և ոչ մի երկրպագու այլևս ականատես չի լինի նմանատիպ միջադեպի և կվայելի այս տեսարժան խաղի յուրաքանչյուր րոպեն:
Բոլորին մաղթում ենք ամուր նյարդեր մրցաշրջանի այս կարևորագույն շրջանում»,- աստված է հաղորդագրությունում:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրի «Փյունիկ»-«Նոա» խաղի ժամանակ ակումբների մարզիչների` Եղիշե Մելիքյանի և Ռոբերտ Արզումանյանի միջև բախում էր տեղի ունեցել: Նրանց բաժանել էին մարզադաշտի այդ հատվածում գտնվող սպասարկու անձնակազմը և ակումբների ներկայացուցիչները:
Կարծիքներ