Պայքարելու ենք ինքնորոշման իրավունքն իրացնելու համար. Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգծում է, որ 44-օրյա պատերազմի հետևանքները շատ ծանր էին, սակայն կարողացել են պաշտպանել Արցախի Հանրապետությունը:
Այս մասին, ինչպես գրում է «Արմենպրեսը»՝ Արցախի նախագահն ասել է Արցախի Հանրային հեռուստատեսության հետ զրույցի ընթացքում՝ վերահաստատելով դիրքորոշումը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
«Դե ֆակտո Արցախի Հանրապետությունն այսօր կա: Մենք շարունակում ենք ղեկավարվել մեր պետության մայր օրենքով՝ Սահմանադրությամբ, օրենքներով: Երկիրն իրավական առումով ապրում է նույն տրամաբանությամբ, իհարկե, ունենալով մարդկային ու տարածքային մեծ, ցավալի կորուստներ: Այդ պատճառով պատկերացնել Արցախն այլ կարգավիճակում, անհնար է: Դե ֆակտո անկախությունը չի քննարկվում: Իհարկե, մենք գիտակցում ենք, որ դե յուրե ճանաչման համար մեծ ճանապարհ ունենք անցնելու, պայքարելու՝ տարիներ, տասնամյակներ: Պայքարը պետք է շարունակել միջազգային հարթակներում՝ տարբեր բարեկամ ու ժողովրդավարությունը, մարդու իրավունքները հարգող երկրների հետ»,-ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով՝ միջազգային խաղացողները, որոնք այսօր փորձում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցում իրենց ծառայությունները մատուցել, Արցախյան խնդիրը ստորադասում են և այնքան էլ նպաստավոր առաջարկներ չեն ներկայացնում:
«Բայց դա չի խանգարում մեզ՝ իրացնելու ազգերի ինքնորոշման ՄԱԿ-ի կանոնադրության կարևորագույն նորմը: Պետք է նշեմ, որ Արցախն անկախացել է Խորհրդային Միության Սահմանադրության, օրենքների, միջազգային իրավունքի համապատասխան, և մենք դա զիջելու որևէ ցանկություն չունենք: Արցախի ազատագրական պայքարը, որն այսօր ինքնորոշման իրավունքի ձևով ենք արտահայտում, 20,30 տարվա չէ, և մենք շատ իմաստուն պետք է լինենք այդ պայքարը վերջնակետին հասցնելու համար: Մենք պայքարելու ենք ինքնորոշման իրավունքն իրացնելու համար, և պետք է նշեմ, որ այն, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, չի ստորադասվում տարածքային ամբողջականությանը»,-հավելեց Արցախի նախագահը:
Անդրադառնալով հարցին, թե Արցախի համար ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը՝ Հայաստանի ու Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ, Արայիկ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ որևէ պայմանագիր չի կարող կանխորոշել Արցախի ապագան:
«Տարածքային ամբողջականության նորմը գերակա չէ ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ, և մեր պայքարը հենց այդ շրջանակներում է լինելու: Մենք որպես հայ ևս շահագրգռված ենք Հայաստանի Հանրապետության կայունության , Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների առումով , բայց արցախահայերի ինքնորոշման իրավունքը չի կարող ստորադասվել կամ այդ պայմանագիրը չի կարող խոչընդոտել մեր պայքարին»,-ընդգծեց Արցախի նախագահը:
Կարծիքներ