Կա «կարմիր գիծ», որից ներքև դրամի արժևորումը ցավոտ է. Վահան Քերոբյան

Կա «կարմիր գիծ», որից ներքև դրամի արժևորումը ցավոտ է. Վահան Քերոբյան

Լաստանավային հաղորդակցությունը կգործարկվի օգոստոս ամսին, առաջիկա օրերին կհրապարակվի չվացուցակը, իսկ Լարսի անցակետում հուլիսին նախորդ ամսվա համեմատ հայկական բեռների թողունակությունը ավելացել է մոտ 10 տոկոսով: Ւնչ վերաբերում է դրամի արժևորման արդյունքում տուժած որոշակի ոլորտներին, ապա սպասվում է աջակցություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Խոսելով նախ տարվա առաջին կիսամյակի մակրոտնտեսական ցուցանիշներից, 6 ամսում գրանցված տնտեսական ակտիվության ցուցանիշի 11.8 տոկոս աճից՝ նախարարն ասաց. «11.8 տոկոսը լավագույնն է վերջին 15 տարիների ընթացքում: Սակայն, բնականաբար, չի կարելի ասել, թե ամեն ինչ առջևում շատ պայծառ է, քանի որ թե ամբողջ աշխարհը, թե հատկապես մեր տարածաշրջանը լեցուն է մարտահրավերներով: Եվ այդ առումով մենք պետք է ոչ թե թուլացնենք, այլ հակառակը՝ ուժեղացնենք մեր աշխատանքը, որ արձանագրված արդյունքներն ամրապնդենք նաև հաջորդ եռամսյակների և տարիների համար»:

Անդրադառնալով դրամի արժևորմանը և դրա արդյունքում որոշակի ոլորտների տուժելուն՝ Քերոբյանը նկատեց, որ դա ազդեցություն է ունենում ամենակարևոր ոլորտների վրա՝ այդ թվում ներդրողների, արտահանողների, IT ոլորտի, կառուցապատողների: «Մենք հասկանում ենք, որ կա «կարմիր գիծ», որից ներքև դրամի արժևորումն արդեն ցավոտ հարված է հասցնելու մեր տնտեսությանը: Եվ մեր պատկերացմամբ՝ այդ կարմիր գիծը 1 դոլարի համար 450 դրամն է: Տեսնում ենք նաև Ֆինանսների նախարարության մտահոգությունը և փորձում ենք գտնել այն լուծումները, որոնք բերելու են նրան, որ մեր վտանգված ոլորտներին հարվածը մեղմվի, և նրանք կարողանան եկամտաբեր ձևով ընթանալ առաջ»,-ասաց նախարարը:

Քերոբյանի վստահեցմամբ՝ այդ ուղղությամբ արդեն առաջին որոշումները կան, հաջորդ շաբաթվա ընթացքում ևս կլինեն որոշումներ: Այդ որոշումների, գործիքների միջոցով փորձելու են այնպես անել, որ ընկերությունները ստանան այն անհրաժեշտ «թթվածինը», որի շնորհիվ կկարողանան արդյունավետ կերպով զարգանալ այս նոր միջավայրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում