Արցախի նախագահ Հարությունյանը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է անցկացրել

Արցախի նախագահ Հարությունյանը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը նշել է, որ վերջին օրերին Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են նոր օրակարգ ձևավորել, քանի որ ադրբեջանական կողմն ակնհայտ սադրանքի միջոցով ապակայունացնում է իրավիճակը:

«Ռուս-ուկրաինական հակամարտությունը ենթադրում էր, որ ադրբեջանական կողմն օգտվելու է առիթից և Արցախում դիմելու է տարբեր սադրանքների: Ինչպես գազամատակարարման խափանմամբ, այնպես էլ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ և հարակից տարածքներ ներխուժմամբ ու մարտական որոշակի գործողությունների հրահրմամբ Ադրբեջանի իշխանությունները ցույց տվեցին, որ չեն հարգում թե՛ 2020թ.-ի նոյեմբերին ընդունած եռակողմ հայտարարությունը, թե՛ դրանից հետո տարբեր մակարդակներով ստանձնած քաղաքական պարտավորությունները:

Այնուամենայնիվ, ցանկանում եմ հորդորել  մեր ազգաբնակչությանը պահպանել հանգստություն, քանի որ, չնայած ծագած դժվարություններին ու հարուցված խոչընդոտներին, մենք  Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ շարունակում ենք  սերտ աշխատանքը իրավիճակը կայունացնելու ուղղությամբ»,- ասել է նախագահը։

Ըստ աղբյուրի՝ նախագահ Հարությունյանն Անվտանգության խորհրդի անդամների և իշխանությունների անունից  խորին վշտակցություն և զորակցություն հայտնեց մարտի 25-ին հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին, իսկ  վիրավորներին  շուտափույթ ապաքինում մաղթեց:

Նիստին շփման գծում իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը:

Նշվում է, որ քնննարկվել են առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում