Իսրայելն իր զինվորականներից պահանջել է հեռանալ Ադրբեջանից և Վրաստանից

Իսրայելն իր զինվորականներից պահանջել է հեռանալ Ադրբեջանից և Վրաստանից

Իսրայելի բանակն իր զինծառայողներին արգելել է մնալ Ադրբեջանում և Վրաստանում՝ Իրանի կողմից հարվածի սպառնալիքների պատճառով։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ ըստ Kan պետական ​​հեռուստառադիոընկերության՝ բանակի ղեկավարությունը կարգադրել է, որ զինվորական ծառայության մեջ գտնվող իսրայելցիները, որոնք ինչ-ինչ պատճառներով այժմ գտնվում են Հարավային Կովկասի այդ երկու հանրապետություններում, պարտավոր են անհապաղ վերադառնալ Իսրայել։

Kan-ը  նշում է, որ Վրաստանն ու Ադրբեջանը գտնվում են Իրանին շատ մոտ, նրանց տարածքում ապրում են իրանցիներ, իսկ Ադրբեջանն ընդհանուր սահման ունի իսլամական հանրապետության հետ։

Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիյեի սպանությունից և  իսրայելական հարվածից Բեյրութում «Հեզբոլլահ»-ի ռազմական թևի հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շուքրի սպանությունից հետո։ Հանիյեի սպանության մեջ Իրանը և ՀԱՄԱՍ-ը մեղադրել են Իսրայելին և հայտարարել, որ անպատասխան չեն թողնի դա:

Իսրայելը չի մեկնաբանում Հանիյեի մահը, իսկ Շուքրի սպանությունը համարել են պատասխան Գոլանի բարձունքներում Մաջդալ Շամս գյուղի հրետակոծությանը, որտեղ 12 մարդ էր զոհվել։ «Հեզբոլլահ»-ը հերքել էր իր առնչությունն այդ միջադեպին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում