2020թ. Արցախյան պատերազմի ժամանակ հայտնաբերած հրազենն ապօրինի պահելու գործի նախաքննությունն ավարտվել է
Ավարտվել է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այս մասին հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից՝ մանրամասնելով.
Քննությամբ պարզվել է՝ 38-ամյա տղամարդը, հանդիսանալով համայնքապետարանի աշխատակից, 2020թ. Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ համայնքապետարանի կողմից լիազորվել է իրականացնել առաջնագծում գտնվող դիրքապահներին անհրաժեշտ սնունդ և պարագաներ մատակարարելու գործառույթը: 2020թ. նոյեմբերի 9-ից հետո կատարելով ստանձնած պարտականությունները՝ Քարվաճառում գտվող «Թարթառ» գետի մոտակայքից գտել է հրազեն հանդիսացող «ТОЗ-8» մոդելի «32116» համարի 5,6մմ տրամաչափի սպորտային-որսորդական ակոսափող հրացան, որն ապօրինի կերպով փոխադրել և պահել է իր տանը կից ավտոտնակում: Նշված հրազենը խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
Կարծիքներ