Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ֆրանսիային և միացավ առաջատարներին
Սլովենիայի Չատեժ քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր կայացան 5-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդիպեց Ֆրանսիայի ուժեղ ընտրանու հետ: Մեր առաջին համար Գաբրիել Սարգսյանն այս անգամ պարտվեց ֆրանսիացիների առաջատար Ալիռեզա Ֆիրուջային: Երկրորդ խաղատախտակին Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց փորձառու Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Մեր 3-4-րդ համարները` Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը, պարտության մատնեցին համապատասխանաբար Մաքսիմ Լագարդին ու Ժյուլ Մուսարին և ապահովեցին թիմի ընդհանուր առավելությունը` 2,5:1,5:
Այս հաղթանակից հետո մեր թիմը վաստակեց 8 միավոր և հավասարվեց առաջատարներին, որոնք այժմ հինգն են: Դրանք են Ռուսաստանը, Հունգարիան, Նիդեռլանդները, Ուկրաինան և Ադրբեջանը:
Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց` 1,5:2,5 հաշվով զիջելով Վրաստանի ընտրանուն: Մերոնցից հաղթանակ տարավ միայն Լիլիթ Մկրտչյանը, սակայն այն ժանանակ, երբ արդեն պարտություն էին կրել Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը: Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի խաղաց այս տուրում:
Հայաստանի կանանց հավաքականը մնաց 6 միավորով և 3-րդ տեղից նահանջեց 8-րդ հորիզոնական:
Վաղը առաջնությունում հանգստյան օր է: Հաջորդ` 6-րդ տուրը, տեղի կունենա նոյեմբերի 18-ին:
Կարծիքներ