Ֆրանսիայից ժամանած բժիշկները Եղեգնաձորի ԲԿ-ին Եվրոպական արտադրութան էլեկտրոսրտագրության սարք են նվիրել

Ֆրանսիայից ժամանած բժիշկները Եղեգնաձորի ԲԿ-ին Եվրոպական արտադրութան էլեկտրոսրտագրության սարք են նվիրել

Սեպտեմբերի 20-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է անվանի ֆրանսիացի բժիշկների՝ Փարիզի Եվրոպական Ժորժ Պոմպիդու հիվանդանոցի սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանի գլխավորությամբ:

      Բժիշկները սեպտեմբերի 20-24 գտնվում են Հայաստանում և կողմերի միջև ստեղծված համագործակցության շրջանակներում այցելել են նաև Վայոց ձորի մարզ՝ բնակիչների անվճար բուժզննման և մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու, փորձի փոխանակում իրականացնելու, ինչպես նաև բժշկական կենտրոնների հետ համագործակցելու նպատակով:

      Խմբի մեջ էին նաև Կոշան հիվանդանոցի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ Միքայել Պերոմորը, օրթոպեդ-վնասվածքաբան, Սենտ Անտուան հոսպիտալի բաժանմունքի նախկին ղեկավար Լևոն Դուրսունյանը, ինչպես նաև Հայաստանի Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը և սոնոգրաֆիստ Նունե Բաբայանը:

      Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը բարձր է գնահատել մարզի առողջապահական համակարգի զարգացմանն ուղղված նախաձեռնությունը, այդ նպատակին ուղղված քայլերը, որոնք արդեն իսկ իրենց արդյունքներն են տալիս, և վստահություն է հայտնել, որ հետևողական ջանքերի շնորհիվ գործընթացը կկրի շարունակական բնույթ՝ իր ճանապարհին արձանագրելով նորաներ ձեռքբերումներ:

      Այնուհետև տեղի է ունեցել այցելություն Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ տեղի բժիշկների հետ համագործակցությամբ Ֆրանսիացի մասնագետները իրականացրել են քաղաքացիների ընդունելություն: Ծրագրի շնորհիվ մարզի ավելի քան 58 բնակիչ հնարավորություն է ստացել անցնել անվճար հետազոտություն և ստանալ մասնագիտական խորհրդատվություն:
Նաև բժիշկների նախաձեռնությամբ շտապ վիրահատական միջամտության կարիք ունեցող մեկ բնակիչ հնարավորություն ստացավ իրենց կողմից անվճար վիրահատվել Երևանում:

      Այցի շրջանակներում Ֆրանսիայից ժամանած բժիշկները Եղեգնաձորի ԲԿ-ին նվիրեցին եվրոպական արտադրութան էլեկտրոսրտագրության սարք, որի շնորհիվ կիրականացվեն սրտային հիվանդություն ունեցող հիվանդների որակյալ հետազոտություն, ինչպես նաև առաջին շտապ բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայք և պարագաներ: 

      Նշենք, որ այցը կազմակերպվել է Փարիզի համալսարանական հիվանդանոցային համակարգի՝ APHP կողմից, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Փարիզի՝ Եվրոպական Ժորժ Պոմպիդու հիվանդանոցի սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանի համատեղ ջանքերով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում