Նորակառույց թաղամասերում կան խնդիրներ. քննարկում է եղել Երևանի քաղաքապետարանում
Երևանում իրականացվող բնակելի կառուցապատման աշխատանքները պայմանավորված են անշարժ գույքի առաջնային շուկայի նկատմամբ բարձր պահանջարկով, ինչը թարմացնում և ավելացնում է առկա բնակֆոնդը՝ նաև վկայելով տնտեսական աճող ակտիվությունը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ մյուս կողմից՝ առկա կոմունիկացիոն ենթակառուցվածքների հզորությունը բավարար չէ սպառողների աճող թվին անխափան ծառայություններ մատուցելու համար:
«Այսօր մեր քաղաքում կան նորակառույց թաղամասեր, որոնք միացված չեն գազամատակարարման ցանցին ենթակառուցվածքների սակավության պատճառով: Քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցությանը խնդիրը քննարկեցինք ավագանու անդամների, վարչական շրջանների ղեկավարների, կառուցապատողների և ոլորտի պատասխանատու կառույցների ներկայացուցիչների հետ:
Կառուցապատողների հայկական ասոցիացիան արդեն իսկ 6.5 կմ երկարությամբ գազամատակարարման նոր ցանց է կառուցել, որը հնարավորություն ունի ընդլայնման:
Քաղաքապետարանն իր հերթին ամեն կերպ նպաստելու է այս գործընթացին՝ գազամատակարարումը և մյուս կոմունալ ծառայությունները Երևանի բոլոր բնակիչներին հասանելի դարձնելու համար»,- գրել է Ավինյանը:
Կարծիքներ