Թուրքիայի միջոցով Ադրբեջան վարձկաններ ուղարկելու լուրերն առավել քան հաստատվում են
Չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական քարոզչամեքենան համառորեն հերքում է սիրիական վարձկանների՝ Ադրբեջան մուտքի մասին տեղեկությունները, սակայն իրականությունն ու շատ հավաստի լուրերն այլ բան են հուշում:
Եվ այսպես, Արաբական միացյալ Էմիրությունների՝ «Skynews» լրատվական կայքը սեպտեմբերի 26-ին հրապարակել է մի հոդված, որում նշվում է հետևյալը. «Չնայած պաշտոնական Ադրբեջանը հերքում է Թուրքիայի միջոցով վարձկանների տեղափոխման որևէ գործողություն, փոխարենը մարդու իրավոնքների սիրիական դիտորդը հաստատում է այդ հանգամանքը, միաժամանակ ներկայացնելով մանրամասն տվյալներ տեղափոխվող առաջին խմբավորման մասին, որն ընդգրկում է 300 մարտիկ «Սուլթան Մուրադ» և «Համզաթ» խմբավորումներից: Մարտիկներին խոստացել են 2000 դոլար աշխատավարձ, որը թուրքական ռազմավարության առջև դուռ կբացի`Լիբիայում նման թուրքական ուղղվածությանը»:
Ավելին, սեպտեմբերի 27-ին «alarab.co.uk» լրատվականում հրապարակվել է մեկ այլ հոդված, որում նշվում է. «Սիրիական լրատվամիջոցները խոսում են Ղարաբաղի տարածաշրջանից Հայաստանի դեմ մարտնչելու համար Թուրքիայի կողմից հարյուրավոր սիրիացի վարձկաններ հավաքագրելու մասին, ինչը սակայն Ադրբեջանի իշխանությունները հերքում են: Սա մի քայլ է, որով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է ծածկել երկրում կուտակված ներքին ճգնաժամը»: Հոդվածում նաև նշվում է. «Սիրիական մի աղբյուր նկարներ և տեսանյութեր է հրապարակել, որոնք պնդում են, որ դրանցում եղել են սիրիացի վարձկաններ, որոնց Թուրքիան հավաքագրել և դեռևս սեպտեմբերի 23-ին ուղարկելէ Հայաստանի դեմ մարտնչելու համար: Հավաստումներ կան, որ Անկարայի կողմից հավաքագրած անձինք հանդիսանում են Աֆրինում և Թելլ Աբյադում հանցագործություններ կատարած սիրիացիները» :
Եվ եթե այս ամենին էլ հավելում ենք Արաբական միացյալ Էմիրությունների «alhurra.com» լրատվական կայքում սեպտեմբերի 26-ին հրապարակված մի հոդվածի տեղեկությունները, որում նշվում է, որ «Ամերիկացի լրագրողուհին ձայնագրություն է տարածել, որում խոսող անձը պնդում է, որ սեպտեմբերի 27-30-ը 1000 հոգի տարվելու են Ադրբեջան», ապա պատկերն առավել քան ակնհայտ է դառնում ու պարզորոշ երևում է, որ թուրք-ադրբեջանական համագործակցությունը նաև վարձկանների մասով է դարձել կայացած:
Այստեղ առկա է նաև մի ուշագրավ նկատառում ևս. ՍԱՀ հակակառավարական ուժերի անդամներից մեկը ս.թ. սեպտեմբերի 26-ին ժամը 22:00-ի սահմաններում «Youtube»-ում հրապարակել է մի ուղերձ-տեսանյութ («https://youtube.com/watch?v=AzZablkm14g&feature=share»), որում նշում է. «Ենթադրվում էր, որ մենք պետք է թուրքերի հետ գնայինք հայկական սահման և մարտնչեինք հայերի դեմ, սակայն պարզվեց, որ այնտեղ միայն շիա դավանող ադրբեջանցիներ են: Դա սազական չէ ոչ մեզ, ոչ էլ ձեզնից որևէ մեկին: Շիաների հետ պատերազմ գնալը անընդունելի է մեզնից յուրաքանչյուրի համար, քանի որ նրանք մեր համար թշնամի են ինչպես հրեաներն ու քրիստոնյաները և մենք չենք ցանկանում նրանց հետ գտնվել միևնույն վայրում»:
Ահա և ամեն ինչ պարզ ու հասկանալի է. Մնում է միջազգային հանրության կողմից պատշաճ ուշադրություն դարձվի այս զազրելի երևույթին:
Կարծիքներ