Կրեմլի պատասխանը Էրդողանին․ ԼՂ-ում խաղաղապահ առաքելությունը չշփոթել հումանիտար կենտրոնի աշխատանքի հետ

Կրեմլի պատասխանը Էրդողանին․ ԼՂ-ում խաղաղապահ առաքելությունը չշփոթել հումանիտար կենտրոնի աշխատանքի հետ

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման համար ջանքերի ընդլայնման հնարավորությունը՝ տարածաշրջանի այլ երկրների ներգրավմամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Բացի երեկ երեկոյան մեր ասածից, ես ձեզ ոչինչ չեմ կարող ասել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պեսկովը: Կրեմլի խոսնակը միայն հաստատել է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նախագահ Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ձեռքբերված համաձայնության կատարման ընթացքը: Ուշադրության կենտրոնում են եղել նաև մոնիթորինգի կենտրոնի շրջանակում համատեղ աշխատանքը: Պեսկովը նաև կոչ է արել չշփոթել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունն այդ տարածաշրջանում գործող հումանիտար կենտրոնի հետ։ Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ նա հիշեցրել է, որ տարածաշրջանում տեղակայված է ռազմական խաղաղապահ զորախումբ, ինչպես նաև գործում է հումանիտար արձագանքնման կենտրոն։ «Պետք չէ դրանք ամբողջությամբ տարանջատել, սակայն պետք չէ նաև շփոթել հակամարտող կողմերի շփման գծում կանգնած խաղաղապահների առաքելությունը հումանիտար կենտրոնի հետ։ Լեռնային Ղարաբաղում այնքան մեծ թվով խնդիրներ կան կուտակված, որոնք խորացել են պատերազմի պատճառով, հումանիտար կենտրոնը հենց դրանով էլ կզբաղվի»,- պարզաբանել է Պեսկովը։ Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանն ուղղված ջանքերի ընդլայնման հնարավորությունը՝ տարածաշրջանի այլ երկրների հետ համատեղ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում