Եվրո-2024-ի ընտրական մրցաշար. Շվեյցարիան խոշոր հաշվով հաղթեց Բելառուսին
Շվեյցարիայի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում։ Սերբիայի չեզոք խաղադաշտում կայացած I խմբի 1-ին տուրի խաղում Շվեյցարիան խոշոր հաշվով հաղթեց Բելառուսի հավաքականին` 5-0, հայտնում է armsport.am-ը։
Հանդիպման առաջին երեք գոլերը խփել է Ռենատո Շտեֆենը (4-րդ, 17-րդ և 29-րդ րոպեներին)՝ գրանցելով Շվեյցարիայի հավաքականի պատմության ամենաարագ հեթ-տրիկը։ 62-րդ րոպեին Գրանիտ Ջական գոլի հեղինակ դարձավ, իսկ 3 րոպե անց Զեկի Ամդունին վերջնական արդյունքը գրանցեց լուսատախտակին։
Բելառուս ֆուտբոլիստներն արդեն երկու տարի է՝ չեն կարողանում հաղթել պաշտոնական հանդիպումներում։ Բելառուսի հավաքականը վերջին հաղթանակը տարել է 2021 թվականի մարտին՝ հաղթելով Էստոնիային (4:2):
Այս խմբի մյուս խաղում Իսրայելը ոչ-ոքի խաղաց Կոսովոյի հետ։ Հանդիպումն անցկացվել է Թել Ավիվում և ավարտվել 1-1 հաշվով։
Շվեյցարիան առաջատարն է I խմբում, որտեղ ընդգրկված են նաև Կոսովոյի, Իսրայելի, Ռումինիայի, Անդորրայի և Բելառուսի հավաքականները: Անդորրա-Ռումինիա հանդիպումը կմեկնարկի քիչ անց։
Կարծիքներ