Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնն անցկացնում է կինոլոգիական խմբի վերապատրաստման դասընթացներ
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը մայիսի 2-ից 31-ը կազմակերպել և անցկացնում է «Որոնողական աշխատանքներ փլատակներում, զոհվածների մարմինների փնտրում» թեմայով կինոլոգիական խմբի վերապատրաստման դասընթացներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դասընթացներին մասնակցում են ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ կինոլոգիական ջոկատի կինոլոգները և որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար վարժեցված 7 շուն։
Ըստ աղբյուրի՝ դասընթացի նպատակն է տարերային և տեխնածին բնույթի արտակարգ դեպքերում զոհերի որոնման ու հայտնաբերման ուսուցումը. հիմնական ուղղվածությունը փլատակներում շների որոնողական հմտությունների կատարելագործումն է:
«Մասնագետները միաժամանակ նոր գիտելիքներ են փոխանցում կինոլոգներին և մարզում ջոկատի շներին։ Դասընթացների գործնական մասին հաջորդում է առաջադրանք – վարժությունների կատարումը։ Դասընթացների ավարտին նախատեսվում է անցկացնել ստուգարք, որը հաղթահարած կինոլոգները կստանան հավաստագրեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ վերապատրաստման դասընթացները վարում են ՌԴ ԱԻՆ Ստավրոպոլի մասնաճյուղի որոնողափրկարարական ջոկատի փորձագետ-մրցավար, միջազգային կարգի փրկարար Սերգեյ Պիվովարովը, Կազան քաղաքի որոնողափրկարկական ջոկատի փորձագետ-մրցավար, առաջին կարգի փրկարար Իրինա Ֆեդոտկինան և Միներալնիե Վոդի քաղաքի որոնողափրկարկական ջոկատի փորձագետ-մրցավար, առաջին կարգի փրկարար Անդրեյ Տարխանովը։
Դասընթացների ընթացքին տեղում հետևել է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
Կարծիքներ