Քարաշամբի գյուղապետը 24 տարի ղեկավարելուց հետո հրաժարական է տվել
ՀՀ Կոտայքի մարզի Քարաշամբ համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Զորիկ Խլղաթյանը: Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Քարաշամբ համայնքի ղեկավար Զորիկ Խլղաթյանի դիմումը՝ Քարաշամբ համայնքի ավագանին 2020 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել է ՀՀ Կոտայքի մարզի Քարաշամբ համայնքի ղեկավար Զորիկ Խլղաթյանի լիազորությունները:
Արտահերթ նիստի ընթացքում ավագանին արձանագրել է հրաժարականը և օրենքով սահմանված կարգով դիմել Կոտայքի մարզպետի պաշտոնակատարին:
Մարզպետի պաշտոնակատարը սահմանված ժամկետում, համաձայն «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։
Հիշեցնենք, որ Զորիկ Խլղաթյանը Քարաշամբ համայնքը ղեկավարում էր 1996 թվականից՝ շուրջ 24 տարի:
Կարծիքներ