G7-ն աջակցություն է հայտնել Իսրայելին և Իրանն անվանել «տարածաշրջանային անկայունության աղբյուր»

Մեծ Յոթնյակի երկրների ղեկավարները Կանադայում անցկացված գագաթնաժողովի ընթացքում իրենց աջակցությունն են հայտնել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին և նշել, որ «իրանական ճգնաժամի» կարգավորումը պետք է հանգեցնի լարվածության թուլացման Մերձավոր Արևելքում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է G7-ի երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Կանադայի կառավարության կայքում:
«Մենք՝ G7-ի ղեկավարներս, վերահաստատում ենք մեր հանձնառությունը Մերձավոր Արևելքում խաղաղությանն ու կայունությանը։ Այս համատեքստում մենք հաստատում ենք, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունն Իսրայելի անվտանգությանը։ Մենք նաև հաստատում ենք խաղաղ բնակչության պաշտպանության կարևորությունը», - նշված է հայտարարության մեջ։
Մեծ յոթնյակի երկրները ևս մեկ անգամ հայտարարել են, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։
«Իրանը տարածաշրջանային անկայունության և ահաբեկչության հիմնական աղբյուրն է: Մենք մշտապես հետևողականորեն հայտարարել ենք, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա: Մենք կոչ ենք անում, որ իրանական ճգնաժամի կարգավորումը հանգեցնի ռազմական գործողությունների ավելի լայն ապաէսկալացման Մերձավոր Արևելքում, ներառյալ հրադադարի՝ Գազայում», - նշել են գագաթնաժողովի մասնակիցները։
G7-ի ղեկավարները հանդիպում են Ալբերտայի նահանգի Կանանասկիս քաղաքում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսվածից շուտ է հեռացել գագաթնաժողովից Մերձավոր Արևելքում տիրող իրադրության և թեմայի շուրջ Ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու պատճառով։
Կարծիքներ