Եվրոպայում զենքի ներմուծումն ավելանում է, իսկ Ռուսաստանը կորցնում է դիրքերը զենքի շուկայում. SIPRI-ի զեկույցը

Եվրոպայում զենքի ներմուծումն ավելանում է, իսկ Ռուսաստանը կորցնում է դիրքերը զենքի շուկայում. SIPRI-ի զեկույցը

Վերջին հինգ տարիների ընթացքում եվրոպական երկրները զենքի ներմուծումն ավելացրել են 47 %-ով: Այս մասին ասված է Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) տարեկան զեկույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չնայած զենքի մատակարարումները կրճատվել են ամբողջ աշխարհում, սակայն մատակարարումները Եվրոպային կտրուկ աճել են Ռուսաստանի և եվրոպական մյուս երկրների միջև հարաբերությունների լարվածության պատճառով», - գրում է SIPRI-ի ավագ գիտաշխատող Փիթեր Վեզեմանն՝ ընդգծելով, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Եվրոպայի երկրները ծրագրում են է՛լ ավելի մեծացնել զենքի ներմուծումը:

Երկար ժամանակ՝ վերջին 3 տասնամյակի ընթացքում, Վաշինգտոնը և Մոսկվան գերիշխում էին սպառազինությունների մատակարման շուկայում, բայց վերջին հինգ տարում ԱՄՆ-ի գերակայությունն աճել է, իսկ երրորդ տեղում գտնվող Ֆրանսիան զգալիորեն կրճատել է Ռուսաստանի հետ տարբերությունը:

ԱՄՆ-ից արտահանումն աճել է 14 %-ով, իսկ Ռուսաստանից արտահանումը կրճատվել է 31 %-ով։ ՌԴ-ն այժմ զբաղեցնում է շուկայի 16 %-ը՝ հինգ տարի առաջվա 22 %-ի դիմաց։ Ֆրանսիան նույն ժամանակահատվածում՝ 2018-2022 թթ.-ին, ավելացրել է զենքի վաճառքը՝ շուկայում իր բաժինը 7,1 %-ից հասցնելով 11 %-ի։

«Ֆրանսիան ավելի ու ավելի մեծ բաժին Է ձեռք է բերում զենքի համաշխարհային շուկայում, քանի որ ռուսական զենքի արտահանումը նվազում է, ինչպես, օրինակ, երևում է Հնդկաստանին մատակարարումներից: Դա, հավանաբար, կշարունակվի, քանի որ մինչև 2022 թ.-ի վերջը Ֆրանսիան զենքի արտահանման շատ ավելի չավարտված պատվերներ ուներ, քան Ռուսաստանը», - արձանագրում է Վեզեմանը։

Ռուսաստանն  արտահանումը կրճատել է իր 10 հիմնական գնորդ երկրներից 8-ում։ Վերջին հինգ տարում Ռուսաստանը 37 %-ով քիչ զենք է վաճառել Հնդկաստանին՝ ռուսական զենքի ամենամեծ գնորդին, իսկ արտահանումը յոթ այլ երկրներ կրճատվել է միջինը 59 %-ով:

Ընդ որում, վերջին հինգ տարում Ռուսաստանը Չինաստանին մատակարարումները ավելացրել է 39 %-ով, Եգիպտոսին՝ 44 %-ով։

Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով Ռուսաստանը, հավանաբար, կշարունակի կրճատել զենքի արտահանումը և առաջնահերթություն կդարձնի սեփական բանակի մատակարարումը, արձանագրում են վերլուծաբանները։ SIPRI-ն հավելում է, որ զենքի համաշխարհային շուկայում Ռուսաստանի բաժնի կրճատման մեկ այլ գործոն կլինեն պատժամիջոցներն ու ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից երրորդ երկրների վրա ճնշումը։

Ըստ SIPRI-ի զեկույցի՝ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները վերջին հինգ տարիների ընթացքում 65 %-ով ավելացրել են սպառազինությունների ներմուծումը: Իսկ ընդհանրապես ամենամեծ ներմուծող Է դարձել ԱՄՆ-ը՝ 65% բաժնով, որին հաջորդում են Ֆրանսիան (8,6%) և Հարավային Կորեան (4,9%)։ Զեկույցում նաև նշվում է, որ 2018-2022 թթ.-ին ԱՄՆ-ի զենքի մատակարարումները Թուրքիային նվազել են՝ հաշվի առնելով երկկողմ հարաբերություններում լարվածությունը:

Ամերիկյան զենքի խոշորագույն ներմուծողների սանդղակում Թուրքիան 7-րդ հորիզոնականից հայտնվել է 27-րդ հորիզոնականում: SIPRI-ի կանխատեսումներով՝ Եվրոպայում զենքի ներմուծումը կշարունակի աճել առաջիկա տարիներին թե՛ Ուկրաինայում ռազմական գործողություններից առաջ կատարված պատվերների, թե՛ հակամարտության հետ կապված արագացված գնումների գործընթացների արդյունքում։

Օրինակ՝ Լեհաստանը 2018-ից մինչև 2021 թվականն ԱՄՆ-ից պատվիրել է 32 մարտական ​​ինքնաթիռ և հակաօդային պաշտպանության չորս համակարգ, իսկ արդեն 2022 թվականին՝ Ուկրաինայում ռազմական գործողություններից հետո, Վարշավան հայտարարել Է ԱՄՆ-ից 394 տանկերի, 96 մարտական ​​ուղղաթիռների և 12 հակաօդային պաշտպանության համակարգերի պատվիրման մասին, ինչպես նաև Հարավային Կորեայից` 48 մարտական ​​ինքնաթիռների, 1000 տանկերի, 672 ինքնագնաց հրետանային կայանքների և 288 համազակային կրակի ռեակտիվ համակարգերի պատվիրման մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում