Պարզապես նիհարել է. Հարավային Կորեայի հետախուզությունը հերքել է Կիմ Չեն Ընի նմանակի մասին լուրերը
ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը կորցրել է 20 կիլոգրամ քաշ, բայց առողջության հետ կապված խնդիրներ չունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 28-ին հաղորդել է «Ռյոնհապ» հարավկորեական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հետախուզության տվյալները:
Գործակալության տեղեկատվության համաձայն, Հարավային Կորեայի հետախուզական վարչությունը երկրի խորհրդարանի փակ նիստում հերքել է այն լուրերը, որ Կիմ Չեն Ընի փոխարեն իբր հանրությանը ներկայանում է նրա նմանակը: Պարզապես ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը նիհարել է. առաջ նա կշռում էր 140 կիլոգրամ:
Օրերս ամերիկյան ԶԼՄ-ները պնդում էին, որ Կիմ Չեն Ընը իբր քրոջ կողմից իշխանությունից հեռացվել է այս տարվա ամռանը, իսկ նրա փոխարեն գործում է նմանակը:
Ինչպես հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը, հարավկորեական հետախուզությունն օգտագործել է «արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները և այլ գիտական մեթոդներ», որպեսզի, ըստ նրա պատկերների, վերլուծման ենթարկի Կիմ Չեն Ընի առողջական վիճակը:
Կիմ Չեն Ընն իշխանության էր եկել 2011 թվականի վերջին իր հոր՝ Կիմ Չեն Իրի մահից հետո: Նրա պապը՝ Կիմ Իր Սենը հիմնել է ԿԺԴՀ-ն, նա վախճանվել է 1994 թվականին: Հյուսիսային Կորեայում իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար՝ այն նկատառումներով, որ որդին երբեք չի դավաճանի իր հոր պատգամները: Գոյություն ունի արդյոք Կիմ Չեն Ընի հնարավոր ժառանգ, հայտնի չէ:
Կարծիքներ