Զելենսկին առաջարկել է Կիևում անցկացնել Ուկրաինա-Ադրբեջան-Թուրքիա գագաթնաժողով
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Բրյուսելում անցկացվող Արևելյան գործընկերության հանդիպման ժամանակ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին հրավիրել է 2022 թվականի փետրվարին այցելել Կիև՝ մասնակցելու Ուկրաինա-Ադրբեջան-Թուրքիա գագաթնաժողովին՝ հաղորդում է ТАСС-ը։
«Ուկրաինայի ղեկավարը հիշեցրել է, որ 2022 թվականի փետրվարին նշելու են Ուկրաինայի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Դա հաշվի առնելով՝ Զելենսկին առաջարկել է փետրվարին Կիևում գագաթնաժողով անցկացնել երեք պետությունների ղեկավարների մասնակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ։
Զելենսկին նաև շեշտը դրել է երկրների միջև համագործակցության տրանսպորտային և նյութատեխնիկական ներուժի վրա, մասնավորապես, Եվրոպա-Կովկաս-Ասիա երթուղով՝ երկաթուղային և ծովային տրանսպորտով, ապրանքների տարանցման ուղղված աշխատանքների իրականացման վրա։
Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ Ադրբեջանը կմիանա Ռուսաստանում Ուկրաինայի քաղաքացիներին, առաջին հերթին՝ Ղրիմի թաթարներին ազատ արձակելու գործընթացին և շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու համար։
Ավելի վաղ Զելենսկին իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանին հրավիրել էր Ռազմավարական խորհրդի բարձր մակարդակի նիստին, որը նախատեսվում է անցկացնել 2022 թվականի փետրվարին Կիևում։
Կարծիքներ