Ի՞նչ է սպասվում Գյումրիում, ամեն ինչ նոր է սկսվում. Ռոբերտ Ղևոնդյանը ներկայացրել է ամենահավանական 3 տարբերակ

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է մի քանի եզրակացություններ՝ Գյումրիում տեղի ունեցած ընտրությունների մասին:
«1. Քաղաքացիական պայմանագիրը ամրապնդել է իր դիրքերը։ 2021թ․ ստացած շուրջ 30% ի և 2-րդ տեղի փոխարեն՝ շուրջ 34 տոկոս և 1-ին տեղ։ Կարծում եմ, սա առավելագույնն էր, որ իշխանությունները կարող էին ակնկալել։ Հետևաբար՝ սա իրենց համար հաջողություն է։
2. Երկրորդ արդյունքը հավաքած թեկնածուն «գողական» բարքերի հետևորդ-կոմունիստ է։ Իրականում այս երկու հասկացությունները փոխլրացնող են (այսպես կոչված «գողական աշխարհը» 1930-ական թթ․ ստեղծել և կառավարել է խորհրդային ԿԳԲ-ն՝ հասարակությանը վերահսկելու համար)։ Սա ոչ միայն Գյումրիի, այլև ամբողջ Հայաստանի ամոթն է, բայց նաև օրինաչափություն է՝ ՀՀ ընտրողների մի մեծ մասը այս արժեհամակարգի կրողն է։ Քանի դեռ ՀՀ իշխանությունները շարունակում են հասարակության կրթության հարցը պատկերացնել անգրագետ ու անիմաստ «իրական Հայաստանի» կոնցեպցիայով՝ սրանից ավելին սպասել մարդկանցից պետք չէ։
3. Անցողիկ շեմը հաղթահարած մյուս քաղաքական ուժերը ստացել են ձայներ՝ ըստ իրենց հավակնությունների։ Նրանք այժմ բարդ ընտրության առջև են կանգնած։
4. Եվրադաշինքի կողմից առաջադրված թեկնածուն չի հաղթահարել անցողիկ շեմը գլխավորապես սեփական մարտավարական սխալի պատճառով։ Եվրադաշինքը կրկնեց նույն սխալը, ինչ Հայկ Մարությանը՝ Երևանի ավագանու ընտրություններում․ նրանք սխալ հաշվարկեցին իրենց հնարավորությունները և թիրախավորեցին ֆավորիտին՝ իշխանության ներկայացուցչին։ Այնինչ երկու դեպքում էլ մրցակցությունը ընդդիմադիր տեղերի համար էր։ Այլ խոսքով՝ Լևոն Բարսեղյանը պիտի թիրախավորեր և փորձեր հաղթանակի հասնել 3-5-րդ տեղերում հայտնված թեկնածուների նկատմամբ։
5. Ի վերջո ի՞նչ է մեզ սպասվում։ Տարբերակները 3-ն են․ ամենահավանականն այն է, որ իշխանության թեկնածուին կհաջողվի թույլ չտալ ընդդիմադիր հատվածի միավորում (ինչպես եղավ Երևանում) և նա կընտրվի քաղաքապետ՝ կարևոր չէ, թե ում ձայների հաշվին։ 2-րդ հնարավոր տարբերակն այն է, որ ընդդիմադիրներն, այնուամենայնիվ, կմիանան և Վարդան Ղուկասյանը կընտրվի քաղաքապետ։ Եվ կա նաև 3-րդ տարբերակը՝ երբ Մարտուն Գրիգորյանը որևէ մեկի հետ չի միավորվի և նրա թիմը որևէ մեկի օգտին չի քվեարկում, հետևաբար՝ քաղաքապետ չի ընտրվի և կնշանակվեն նոր ընտրություններ։
Հետաքրքիր զարգացումներ են սպասվում։ Ամեն ինչ դեռ նոր է սկսվում»,- գրել է Ղևոնդյանը:
Կարծիքներ