COVID-19 համավարակի ներկա իրավիճակը. քննարկում
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի առցանց հանդիպում-քննարկումը՝ հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունիվ․
Հանդիպմանը ներկա էին խորհրդատվական խմբի անդամներ, հանրային առողջապահության ոլորտի հրավիրված մասնագետներ, համաճարակաբաններ, առողջապահության նախարարության ներկայացուցիչներ:
Օրակարգում 2 հարց էր ներառված. ՀՀ-ում COVID-19 համավարակի ներկա իրավիճակը և հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող աշխատողների համար ՊՇՌ թեստի հանձնման պահանջների վերաբերյալ նոր կարգավորումները:
Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-փորձագետ Գենադի Պալոզյանը զեկույցով ներկայացրել է աշխարհում և Հայաստանում COVID-19 համավարակի ներկա իրավիճակը, անդրադարձել վարակվածների և մահվան սեռատարիքային բաշխվածությանը, մանկապատանեկան տարիքային խմբերում դեպքայնության շարժընթացին, պատվաստումներին` ըստ մարզերի ու ռիսկային խմբերի:
Կարևորելով հանդիպումը՝ Լենա Նանուշյանը նշել է. «Այս հանդիպում-քննարկման նպատակն է ամփոփ տեղեկատվության միջոցով հասկանալ Հայաստանում COVID-19 համավարակի ներկա իրավիճակն ու գնահատել ռիսկերը: Միաժամանակ, առանցքային քննարկման թեմա է նաև հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող աշխատողների համար ՊՇՌ թեստի հանձնման պահանջների վերաբերյալ նոր կարգավորումները»:
Փոխնախարարը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի թիվ 17-Ն և թիվ 24-Ն հրամաններում ներառված կարգավորումները, մասնավորապես` յուրաքանչյուր 14 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի ներկայացման պահանջի վերաբերյալ և առաջարկել քննարկել բացառությունների ցանկը վերանայելու անհրաժեշտությունը:
Քննարկման մասնակիցները շեշտադրել են այդ սահմանափակումների անհրաժեշտությունը և կարևորությունը: Բացառությունների ցանկի վերաբերյալ հնչեցրել հետևյալ առաջարկությունները.
•Հղիությունը չի հանդիսանում հակացուցում պատվաստման իրականացման համար և ընդհակառակը` խրախուսվում է, քանի որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ հղիության ընթացքում պատվաստված մայրերից ծնված երեխաների մոտ նույնպես հայտնաբերվում են COVID-19 դեմ հակամարմիններ: Սակայն խմբի անդամների կողմից առաջարկվել է, այնուամենայնիվ, հղիության առկայությունը դեռևս թողնել բացառությունների ցանկում:
•Ինչ վերաբերում է հեռավար աշխատողներին, հանդիպման մասնակիցները բարձրաձայնել են, որ հանրային առողջության և համաճարակաբանության տեսանկյունից հեռավար աշխատողներին բացառությունների ցանկում ներառելը նպատակահարմար չէ:
•17 տարեկան աշխատող անձանց վերաբերյալ խմբի անդամները նպատակահարմար են համարել այս բացառության ներառումը` հաշվի առնելով, որ ներկայումս Հայաստանում COVID-19 դեմ պատվաստումների ենթակա են 18 տարեկանից բարձր անձինք:
•Մասնակիցները քննարկել են COVID-19 հիվանդությունից հետո առողջացած անձանց բացառելու նպատակահարմարությունը: Նշվել է, որ համաձայն միջազգային փորձի` առողջացած անձինք հիվանդության տարածող չեն հանդիսանում հիվանդության ախտանիշների ի հայտ գալուց սկսած 10-րդ օրից հետո, սակայն կարող են դրական ՊՇՌ արդյունքներ ունենալ 90 օրվա ընթացքում: Հետևաբար, նպատակահարմար է նման դեպքերը (COVID-19-ից ապաքինվածներին` մինչև 90-րդ օրը) ներառել բացառությունների ցանկում:
Խմբի անդամները բարձրաձայնել են մի շարք հարցեր քննարկվող թեմաների շուրջ, լսել պարզաբանումներ՝ համեմատականներ անցկացնելով այլ երկրներում կիրառվող քաղաքականության և փորձի վերաբերյալ, հնչեցրել առաջարկներ, մտքեր փոխանակել համավարակի զսպմանն ուղղված ներկայումս կիրառվող միջոցառումների արդյունավետության և հետագա անելիքների անհրաժեշտության վերաբերյալ:
Կարծիքներ