Ֆլորիդայի ափերին մոլեգնում է «Իդալիա» փոթորիկը

Ֆլորիդայի ափերին մոլեգնում է «Իդալիա» փոթորիկը

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի ափերին մոլեգնում է «Իդալիա» փոթորիկը, որին ԱՄՆ-ի փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը (NHC) տվել է վտանգավորության երրորդ մակարդակ: Այս մասին նշված է NHC-ի տարածած հաղորդագրությունում։

«Չափազանց վտանգավոր «Իդալիա» փոթորիկը, որին տրվել է երրորդ կատեգորիա, հասել է Ֆլորիդայի Բիգ Բենդ շրջանի ափին։ Քամու առավելագույն արագությունը գնահատվել է 125 մղոն/ժամ (խմբ․՝ 201 կմ/ժ)», - ասվում է Կենտրոնի X-ի (նախկին Twitter) էջում զետեղված հաղորդագրությունում։

Ֆլորիդայի Բիգ Բենդ շրջանը մեծապես ծածկված է անտառներով և համեմատաբար նոսր է բնակեցված։ Շրջանին է բաժին ընկնում նահանգի բնակչության ընդամենը 3 %-ը։ BBC-ի փոխանցմամբ՝ շրջանի բնակիչներին փոթորկից առաջ տարհանման հրահանգ է տրվել։

Ավելի վաղ Navy Times հրատարակությունը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը Ֆլորիդայից տարհանում են նավերն ու ինքնաթիռները՝ սպասելով «Իդալիա» փոթորկին:

Արևադարձային փոթորկին անուն է տրվում է, երբ դրան ուղեկցող քամու արագությունը հասնում է ժամում 62 կիլոմետրի։ Որպեսզի փոթորիկը դասվի Սաֆֆիր-Սիմփսոնի սանդղակի 1-ին կատեգորիային, որը գնահատում է տարերքից հնարավոր վնասը, դրա քամու արագությունը պետք է գերազանցի ժամում 120 կիլոմետրը: Եթե ​​քամու արագությունը գերազանցի ժամում 150 կիլոմետրը, ապա փոթորկի կատեգորիան կբարձրացվի մինչև երկրորդ, 180-ի դեպքում՝ մինչև երրորդ, 210-ի դեպքում` մինչև չորրորդ։ Ամենավտանգավոր՝ հինգերորդ կատեգորիան տրվում է ժամում 250 կիլոմետրից ավելի քամու արագությամբ փոթորիկներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում