Բլինկենն ասել է, որ Ռուսաստանը շանտաժով է զբաղված, ոչ թե հացահատիկի ճգնաժամի կարգավորմամբ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Ռուսաստանը շանտաժի է ենթարկում, այլ ոչ թե օգնում կարգավորել համաշխարհային պարենային ճգնաժամը։
Արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարի խոսքով՝ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ չի տալիս սննդամթերքի մատակարարումներ» և ձգտում է, որ «աշխարհը համաձայնի իր պահանջներին և չեղարկի պատժամիջոցները»։ «Այսինքն, պարզ ասած, դա շանտաժ է»,- ասել է նա առցանց պարենային անվտանգության միջոցառման ժամանակ։
«Այժմ, ռուսական ռազմածովային շրջափակման պատճառով, Ուկրաինան չի կարող բերքը տեղափոխել իրենց սովորական ուղղություններով», - ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։ Նրա ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ «մոտ 20 միլիոն տոննա ցորեն փակված է Օդեսայի մերձակայքում գտնվող պահեստներում և ռուսական այս շրջափակման պատճառով Օդեսայի նավահանգստում խրված նավերի վրա»։
Մինչդեռ Պուտինը ավելի վաղ ընդգծել էր, որ Մոսկվան կերաշխավորի ուկրաինական հացահատիկ տեղափոխող նավերի անխոչընդոտ անցումը, եթե Կիևը մաքրի իր նավահանգիստները ականներից և կարողանա ապահովել ապրանքների արտահանումը Ռուսաստանի կողմից վերահսկվող նավահանգիստներով, ինչպիսիք են Բերդյանսկը և Մարիուպոլը։ Ուկրաինան, ըստ ՌԴ ղեկավարի, կարող է հացահատիկ արտահանել նաև ցամաքային ճանապարհով, իսկ ամենատրամաբանական ճանապարհը Բելառուսն է, որից, սակայն, պետք է չեղարկվեն արևմտյան պատժամիջոցները։ Պուտինը հիշեցրել է, որ սննդամթերքի համաշխարհային շուկայում խնդիրները սկսվել են 2020 թվականի փետրվարին։ Նա բլեֆ է անվանել Ռուսաստանի կողմից ուկրաինական նավահանգիստներում հացահատիկի իբր արգելափակման մասին պնդումները։
Կարծիքներ