Փաստաբանների պալատը միջազգային կառույցներին կոչ է անում գործուն քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքն ապաշրջափակելու համար

Փաստաբանների պալատը միջազգային կառույցներին կոչ է անում գործուն քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքն ապաշրջափակելու համար

ՀՀ փաստաբանների պալատն իր գործընկերության հարթակներում, այդ թվում՝ Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդում (CCBE) և Իրավաբանների միջազգային ասոցիացիայում (UIA) բարձրաձայնելու է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն օրեր շարունակ փակելը:

Այս մասին գաղորդագրություն է տարածել փաստաբանների պալատը: Այն ներկայացնում ենք ստորև.

 «2022 թվականի դեկտեմբերի 12-ին վաղ առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ փակել են Արցախի Հանրապետությունն արտաքին աշխարհի հետ կապող միակ ուղին՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը՝ արգելափակելով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժն Արցախ ու հակառակ ուղղությամբ:

Այս ճանապարհն արցախցիների համար կյանքի ուղի է, որը փաստացի մեկ շաբաթ է ինչ ամբողջությամբ արգելափակված է:

Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները նաև փակել էին Արցախ մտնող գազատարը և Արցախի շուրջ 120.000 բնակչությանը այս ձմեռային պայմաններում զրկել, ի թիվս այլնի, ջեռուցումից:

Ակնհայտ է, որ ճանապարհը փակող անձինք ուղղակիորեն ուղղորդվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչի մասին են վկայում վերջիններիս փոխկապակցված  գործողությունները:

Ադրբեջանի իշխանությունների նման սադրիչ գործողությունները հումանիտար և պարենային  աղետի առաջ են կանգնեցրել Արցախի բնակչությանը: Սա Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ պետական մակարդակով քարոզվող ատելության հերթական դրսևորումն է:

Դրան զուգահեռ, այսպիսի գործելակերպը ևս մեկ վկայություն է Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու քաղաքականության շարունակականության:

Փաստացի Ադրբեջանի իշխանություններն Արցախում ապրող հայերի համար միտումնավոր ստեղծում են կյանքի այնպիսի պայմաններ, որոնք ուղղված են նրանց լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, որպիսի գործողությունը, «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի (1948թ.) 2-րդ հոդվածի համաձայն, համարվում է ցեղասպանություն:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների գործողություններն Արցախի ժողովրդի նկատմամբ և միջազգային կառույցներին ու դերակատարներին կոչ է անում՝

Անհապաղ գործուն միջոցներ ձեռնարկել անմարդկային գործողությունները դադարեցնելուն Ադրբեջանի իշխանություններին պարտադրելու ուղղությամբ,

Ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման միակ երաշխիք, որն այսպիսի պայմաններում այլընտրանք չունի:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը նշված խնդիրները և հարցերը բարձրաձայնելու է իր գործընկերության հարթակներում, այդ թվում՝ Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդում (CCBE) և Իրավաբանների միջազգային ասոցիացիայում (UIA)»,-նշվում է հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում