«Ռոման» չի կարողանա պահել Մխիթարյանին, եթե թիմը դուրս մնա եվրագավաթների խաղարկությունից
Հենրիխ Մխիթարյանը կարող է անվճար հեռանալ «Ռոմայից»: Խոսակցությունն այն մասին, թե որտեղ կխաղա նա նոր մրցաշրջանում, շարունակվում է արդեն 3 ամիս: Այս մասին գրել է ռուսական Sport24-ի լրագրող Արարատ Մամբրեյանն իր տելեգրամյան ալիքում։
Ըստ աղբյուրի՝ Հենրիխն առաջարկներ ունի ինչպես ներկայիս ակումբից, այնպես էլ «Յուվենտուսից», և, անկասկած, կհետաքրքրի ռուսական ակումբներին ՝ ի դեմս «Զենիթի» և Մոսկվայի «Սպարտակի»:
Ամենահավանական տարբերակը «Յուվենտուս» տեղափոխվելն է, որը վաղուց հետաքրքրված է հայ կիսապաշտպանի ծառայություններով: «Յուվենտուսի» ղեկավարներն ակնկալում են համաձայնության գալ Մինա Ռայոլայի հետ, ով վաղուց ընկերական հարաբերությունների մեջ է թուրինյան ակումբի մարզական տնօրեն Պավել Նեդվեդի հետ:
Աղբուրը նաև նշում է, որ Հենրիխը դեմ չէ Հռոմում կարիերան շարունակելուն: Նա իրեն շատ լավ է զգում Իտալիայի մայրաքաղաքում, որտեղ բնակություն է հաստատել ընտանիքի հետ: Շատ բան կախված է նրանից, թե ով կգլխավորի «Ռոման»: Նշվում է, որ Պաուլո Ֆոնսեկան, ամենայն հավանականությամբ, կհեռանա մրցաշրջանի ավարտին: Մխիթարյանի մնալը ակումբում նաև կախված է նրանից, թե որ տեղում «Ռոման» կավարտի առաջնությունը: Եթե հռոմեացիները հայտնվեն եվրագավաթային գոտուց դուրս, ապա «Ռոման» չի կարողանա պահել Մխիթարյանին, ով ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկն է:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսի» ներկայացուցիչները սկսել են բանակցել Մխիթարյանի հետ։
Կարծիքներ