Հայաստանում ծննդաբերությունից մի քանի ժամ անց կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափի հասնող միոմա․ մանրամասներ
Ծննդաբերությունից մի քանի ժամ հետո երիտասարդ կինը կրկին «ծննդաբերել է», սակայն այս անգամ՝ միոմատոզ հանգույց։
Դեպքն անհավանական է թվում, բայց այն տեղի է ունեցել հենց Հայաստանում, ավելի կոնկրետ՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Արման Կարապետյանը մանրամասնում է՝ 33-ամյա կնոջ մոտ 9 ամիսների ընթացքում հղիությունը հսկվել է, ամեն ինչ լավ է եղել, ծննդաբերելու օրը կինը ևս իրեն լավ է զգացել, բարեհաջող ծննդաբերել է. «Ծննդաբերությունից 5-6 ժամ հետո կնոջ մոտ նորից ցավեր են սկսվել, արյան արտադրություն է ունեցել։ Բժիշկը զանգեց ինձ, ասաց՝ գերձայնային հետազոտություն է արել, որի արդյունքում հայտնաբերվել է մեծ միոմատոզ հանգույց: Այն արգանդի խոռոչում էր»:
Հանգույցը եղել է 13 սմ, չափերով նորածին երեխայի գլխի չափ. «Իմ աշխատանքային պրակտիկայում նման դեպք չէի տեսել, առաջին անգամ էր։ Միոմաների մի քանի տիպեր կան, փոքր հանգույցներ եղել են, բայց դրանք ենթալորձային միոմաներ են եղել, թեթև։ Իսկ այս մեկը առաջ է եկել, երբ ծննդաբերությունից հետո կնոջ մոտ արգանդը սկսվել է կրճատվել։ Այսինքն՝ ճնշել է արգանդն ու դուրս եկել։ Այն հղիության ընթացքում չի խանգարել, արգանդի խոռոչը չի վնասել, չի անհանգստացրել կնոջը, դրա համար պարզ է եղել, որ կինը կարող է նորմալ ծննդաբերել»։
Սակայն եթե հղիության ժամանակ այդ հանգույցն ի հայտ գար, կառաջանային արդեն իսկ մի շարք դժվարություններ, նկատում է բժիշկը։ Ցուցում կլիներ կեսարյան հատման, ծննդաբերությունը դժվար կլիներ կամ անհնար․ «Միևնույն ժամանակ այդ պարագայում էլ բարդ իրավիճակ էր։ Հարց էր առաջացել՝ պահպանե՞լ արգանդը, թե՞ հեռացնել: Ի վերջո, ընդունվեց որոշում, որ պետք է կատարել օրգանպահպանողական վիրահատություն: Երբ հավաքվեցինք, որոշեցինք, որ կարող ենք միոման տակից հեռացնել, պահպանել արգանդը»։
Կարապետյանի խոսքով՝ բավականին բարդ որոշում է եղել, սակայն կենտրոնի բժիշկներին հաջողվել է իրականացրել վիրահատությունը։ Միոմայի վիրահատությունը կարճ է տևել՝ 20-25 րոպե։ Այն բարեհաջող անցնելուց հետո կինը երեք օր անց, ինչպես սովորաբար լինում է ծննդաբերություններից հետո, դուրս է գրվել հիվանդանոցից և տուն գնացել։
Սա երիտասարդ կնոջ չորրորդ հղիությունն է եղել։
Կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ղեկավարն ասում է՝ միոմաների հետ կապված տարեկան մի քանի դեպք է գրանցվում, սակայն առանձնահատուկ դեպքեր չէին արձանագրվել, ինչպես այս մեկը։ Կարապետյանը շեշտում է, որ սա խոսում է ԲԿ-ի բժիշկների մասնագիտական որակների մասին, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել լուծել խնդիրը՝ ամենակարևորը պահպանելով կնոջ առողջությունն ու ապագայում մայրանալու հնարավորությունը։ Մեկ տարի հետո կինը կարող է պլանավորել իր հաջորդ հղիությունը։
Կարծիքներ