Ստեփանակերտում մեկնարկել է հանրահավաք Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով
«Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման» նախաձեռնող խմբի կողմից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հուլիսի 12-ին կազմակերպվել է հանրահավաք՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հավաքի համակարգողները նշել են, որ հուլիսի 15-ից հետո Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը թելադրում է քայլեր ձեռնարկել հնարավորինս արագ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու համար, քանի որ վիճակը գնալով ծանրանում է:
«Մեր ծրագիրն այն է, որպեսզի այստեղ մեծաթիվ մարդիկ հավաքվեն, որից հետո երթով կշարժվենք դեպի Հակարիի կամուրջ: Դրա համար պետք է ապահովվենք տրանսպորտային վառելիքով և անվտանգությամբ, և այդ երկու հարցերով էլ պետք է դիմենք ռուս խաղաղապահներին: Եթե չանեն, ապա փակելու ենք օդանավակայանը և կտրենք նաև իրենց մատակարարումը, ինչպես մերն է:Առայժմ իրազեկման աշխատանքներ կիրականացնենք, որպեսզի մեծ թվով մարդիկ հավաքվեն»,-մեզ հետ զրույցում ասաց հավաքի ակտիվիստ Արթուր Օսիպյանը:
Այնուհետև հավաքի մասնակիցները շարժվել են դեպի «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման» շտաբի տարածք, որտեղ նախաձեռնող խումբը հայտնել է, որ այսօր կդիմեն նաև Արցախի իշխանություններին՝ աջակցություն ցուցաբերելու հավաքի նպատակների իրականացմանը:
Կարծիքներ