«Մանկապատանեկան գրականությանն ուղղված նախաձեռնություններն ունեն զորեղ հանրային ուղերձներ». Արա Խզմալյան

«Մանկապատանեկան գրականությանն ուղղված նախաձեռնություններն ունեն զորեղ հանրային ուղերձներ». Արա Խզմալյան

Հունիսի 1-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը «Անգլիական այգում» ներկա էր «Զանգակ» գրատան կազմակերպած «Մանկական գրքի փառատոնի» բացմանը։

Նախարարի տեղակալը շրջել է տոնավաճառ-ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել հայկական մի շարք հրատարակչությունների մանկապատանեկան նորատիպ գրական արտադրանքին, զրուցել հրատարակչական գործի ներկայացուցիչների հետ:

Փառատոնի տաղավարներում շրջելուց հետո Արա Խզմալյանը նշել է, որ նմանօրինակ միջոցառումների անցկացումը շատ կարևոր է, քանի որ դրանց միջոցով փոխվում են քաղաքի դիմանկարն ու դիմագիծը:

«Նման նախաձեռնությունները զորեղ հանրային ուղերձներ ունեն՝ ուղղված ինչպես մեր քաղաքացիներին, այնպես էլ Հայաստանում գտնվող օտարազգիներին: Մենք վերադառնում ենք ճիշտ այն կետին, որտեղից սկիզբ է առել մեր հոգևոր մշակույթը, գրավոր մշակույթը»,- շեշտել է նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ հրատարակչական ոլորտը թռիչքաձև զարգացում է ապրել, իսկ մանկական գրականության ասպարեզում անելիքներ դեռ կան:

«Նկատեցի, որ հայ մանկագիրների աշխատանքները քիչ են: Հայերեն մանկագրությունը խթանելու համար մենք սահմանել ենք «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագիրը, որին կարող են դիմել մեր ստեղծագործողները»,- տեղեկացրել է Արա Խզմալյանը:

Շարունակելով մանկապատանեկան գրականության ստեղծման, տարածման և ընթերցանության խթանման ծրագրերի կարևորության թեման՝ նախարարի տեղակալը նշել է. «Խնկո ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի հետ մենք քննարկում ենք այսպիսի ծրագրերի կազմակերպման և իրականացման հնարավորությունները, և պետք է նշեմ, որ գրադարանը մեծ աշխատանք է տանում այս ուղղություններով: Մենք նաև պարբերաբար հանդիպումներ ենք կազմակերպում մանկական թատրոնների ղեկավարների և մանկագիրների հետ, որովհետև մանկական գրականության հանրայնացման և հանրահռչակման լավագույն ձևերից մեկը բեմադրությունն է: Դեռևս մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ մանկագրությունն ու դրամատուրգիան կարողանան հատվել, և այդ գործերը լինեն ոչ միայն արժեքավոր գրական ստեղծագործություններ, այլև բեմադրելի ստեղծագործություններ»,- ընդգծել է Արա Խզմալյանը և հավելել, որ մանկագրությունը և կրթական-մշակութային քաղաքականությունն իրարից տարանջատել չի կարելի՝ վկայակոչելով տասնյակ կրթամշակութային այն ծրագրերը, որոնք իրականացվում են ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Նշենք, որ «Մանկական գրքի փառատոնն» անցկացվում է հունիսի 1-3-ը, որի շրջանակում կկայանան կրթական, մշակութային և ժամանցային ծրագրեր, մանկական ու մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ, երեխաների զարգացմանը նպաստող դասախոսություններ, զրույցներ ու խաղեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում